Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանը գործում է 1924 թվականից: Արցախյան ազատամարտի տարիներին գրադարանը շարունակել է իր գործունեությունը: Aravot.am-ի հետ զրույցում գրադարանի տնօրեն Անահիտ Բաղրյանը նշում է, որ այդ տարիներին արվել է ամեն ինչ` գրադարանի բնականոն աշխատանքը չխաթարելու համար:
Գրադարանն այժմ ունի 153,255 կտոր գիրք: Դրանց մեծամասնությունը ռուսերեն են` 105539 կտոր գիրք, իսկ հայերեն` 70,015: Ռուսերեն գրքերի մեծ թվով առկայությունը, տնօրենի խոսքով, խորհրդային ժամանակաշրջանից մնացած ժառանգությունն է:
Գրադարանը պարբերաբար շարունակում է համալրվել նոր գրականությամբ. «Ամեն տարի գրադարանը համալրվում է նոր գրքերով, որոնց մեջ մեծ թիվ են կազմում և ՛ անհատների, և ՛ կազմակերպությունների կողմից կատարված նվիրատվությունները»:
Խոսելով գրադարանի և ընթերցասրահի հաճախորդների և այցելուների մասին, տնօրենը նշում է, որ նրանք հիմնականում դպրոցականներ, ուսանողներ և թոշակառուներ են: «Մեկ ամսվա ընթացքում ընթերցասրահ է այցելում մոտ 100 այցելու: Իսկ գրադարանից օգտվողների թիվը այս տարվա ընթացքում կազմել է ավելի քան 3000 ընթերցող»,- նշում է նա և հավելում, որ գրադարանում առկա է նաև էլեկտրոնային ընթերցասրահ, որտեղ դեռևս կան ծրագրային կարգավորման խնդիրներ:
Ինչպես տեղեկացրեց տնօրենը առաջիկայում նախատեսվում է նաև գրադարանի համար կառուցել նոր շենք:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ