Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում նույնասեռական զույգերի օրինական ամուսնությունը հնարավոր չէ». ԱՆ

Նոյեմբեր 14,2017 20:35

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամները հայտարարում են, որ նոր Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածը վտանգավոր է մեր հասարակության համար:

Օրերս այս նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանն ասել էր, որ նոր օրենսգրքի 197-րդ հոդվածով, որը վերաբերում է խտրականության դրսեւորումներին, մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու, Այվազյանի ձեւակերպմամբ՝ սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն դրսեւորելու համար: Ըստ Այվազյանի, այս նոր օրենսգրքով ԼԳԲՏ համայնքին վերաբերող միջոցառումները՝ նույնասեռական ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրումը, գեյ-շքերթները խոչընդոտելու դեպքերը, եթե քաղաքացիները փորձեն խոչընդոտել, դա կդիտարկվի խտրականություն եւ կենթարկվեն քրեական պատասխանատվության։

Այսօր էլ նույն նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանն էլ է նմանատիպ կարծիք հայտնել, պնդելով՝ ԼԳԲՏ համայնքի անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դեպքում քաղաքացին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել:

Aravot.am-ը արդարադատության նախարարությունից խնդրեց պարզաբանել նշված նախաձեռնության անդամների հայտարարությունները, եւ տեղեկացնել՝ արդյոք ՀՀ-ում օրենքով թույլատրելի՞ են նույնասեռականների ամուսնությունները:

Ըստ նախարարության. «ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով առաջարկվող 197-րդ հոդվածն (Խտրականությունը) արգելում է մարդու իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի ուղղակի կամ անուղղակի խախտելն, այդ թվում՝ կախված սեռական կողմնորոշումից: Սակայն, խոսք չի կարող լինել նույնասեռական ամուսնությունների եւ երեխաների որդեգրման մասին, քանի որ նույնասեռական ամուսնություններն արգելվում են ՀՀ Սահմանադրությամբ:

ՀՀ-ում նույնասեռական զույգերի օրինական ամուսնությունը հնարավոր չէ: ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածը հստակ նախատեսում է, որ ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ինչպես նշվեց ՀՀ Սահմանադրությունը հնարավոր է համարում միայն կնոջ եւ տղամարդու միմյանց հետ ամուսնությունը»:

Ներկայացնենք Քրեական օրենսգրքի նախագծով նախատեսված 197-րդ հոդվածը՝

Գլուխ 28. Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ

Հոդված 197. Խտրականությունը

1.Խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը ութանասուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2.Խտրականությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով `

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութանասունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930