Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց երրորդմասցի Լյովիկի եւ ընկերների գործով ընթերակայի վերաբերյալ ՍԷԿՏ համակարգին արված հարցման արդյունքները:
Նշված ընթերական սպանությունը կատարողների մեքենայի զննության քննչական գործողությանը մասնակցած անձն է՝ 1956 թվականին ծնված Յուրի Գալստյանը: Ի պատասխան դատարանի հարցման՝ ՍԷԿՏ համակարգից տեղեկացրել էին, որ Յուրի Գալստյանը, բայց որը ծնվել է 1957 թվականին, 2017 թվականի օգոստոսի 16-ին հատել է ՀՀ սահմանը ու մեկնել է ՌԴ:
«Այսպիսով, մեր ընթերակա Յուրի Գալստյանը բացակայում է Հայաստանից»,- հայտարարեց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
«Որ «մեր ընթերական է»՝ դեռ հարց է՝ զննության արձանագրությունը ստորագրած, 1956 թվականին ծնված Յուրի Գալստյանի վերաբերյալ տեղեկություն է ստացվել, որ այդպիսի մարդ գոյություն չունի, իսկ հիշյալ հասցեում բնակվում է 1957 թվականին ծնված Յուրի Գալստյանը: Հրապարակեք տվյալներ, որ արձանագրության մեջ նշված Յուրի Գալստյանին գտել եք, որտե՞ղ է, ի՞նչ տվյալների հիման վրա եք գտել, և այն անձը, որը Ռուսաստան է մեկնել, արդյո՞ք նույն անձն է, որը ստորագրել է արձանագրությունը»,- նախագահող դատավորին արձագանքեց ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը: Նա նաեւ հայտնեց, որ ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ միջնորդություններ ունի եւ այդ միջնորդություններին պատրաստվելու համար ժամանակ խնդրեց:
Դատական նիստը նշանակվեց նոյեմբերի քսանմեկին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ