Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ կիրակի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հովվական այցն Ամասիայի տարածքում գտնվող Հովտուն բնակավայր խոչընդոտվել է։ Մինչ Սրբազանի՝ Հովտուն հասնելն ու հունական կիսաքանդ եկեղեցում պատարագ մատուցելն, այնտեղ պատարագ է մատուցել Կաթողիկե եկեղեցու քահանան։ Միքայել Սրբազանը ստիպված է եղել կանգ առնել Բանդիվանում ու կիրակնօրյա աղոթքը բարձրացնել այս բնակավայրի եկեղեցում։
Aravot.am-ը Միքայել Աջապահյանից հետաքրքրվեց, թե երբևէ նման դեպք եղե՞լ էր, որ Շիրակի մարզի որևէ բնակավայրում Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչները փորձեին խոչընդոտել Հայ Առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդի հովվական այցը։
-Եղել են դեպքեր, բայց խոչընդոտվել կամ խանգարվել է նախապատրաստական ընթացքը, ես չեմ հրապարակել, դրա համար չի իմացվել։ Բայց այս դեպքում չէի կարող չհրապարակել, որովհետև լրագրողներն ինձանից շուտ էին տեղ հասել։ Լրագրողներին ինչ-որ բացատրություն պետք է տրվեր, թե ինչու պատարագը տեղի չունեցավ։ Եթե մի օր առաջ գոնե խանգարված լիներ, կասեինք, որ չենք գնում պատարագի, պատարագը չեղյալ է համարվում։ Լրագրողներն էլ չէին իմանա, թե ինչն է պատճառը, չէին էլ գա, չէին էլ հարցնի։ Այդպես չէ՞, բայց սա առաջին դեպքն է, որ, այսպես ասած, խանգարվեց ու խոչընդոտվեց հենց նույն օրը, ոչ թե նախապատրաստական փուլում, այլ խոչընդոտվեց վերջին փուլի ժամանակ։ Դրա համար ես ստիպված էի լրագրողներին պարզաբանում տալ, բնականաբար, պարզաբանում պիտի տայի այն, ինչ որ եղել է, ճշմարտությունը, ոչ թե պիտի հորինեի ինչ-որ մի բան։ Չպիտի ասեի՝ ճանապարհին գլուխս պտտվեց, ինքնազգացողությունս վատացավ, չկարողացա Բանդիվանից մինչև Հովտուն գնալ։ Պիտի ասեի ճշմարտությունը և ասացի ճշմարտությունը։ Այլապես ուրիշ դեպքեր էլ են եղել, բայց դրանք խոչընդոտվել են նախնական փուլում, չենք գնացել և չեն իմացվել։
-Ստացվում է, որ հետաքրքիր զուգադիպությամբ Կաթողիկե եկեղեցու քահանան էլ նույն ժամին պատարագ մատուցե՞ց Հովտունում։
-Հետաքրքիր զուգադիպություն չէ, դա դիտավորություն է, որովհետև ես իմացել եմ, որ իրենք միշտ շաբաթ օրն են պատարագ անում։ Եթե իրենք պատարագ անեին կիրակի օրը, ու ես էլ ցանկանայի պատարագ անել, բնականաբար, պետք է խնդրեի, որ իրենք բացառությամբ այդ կիրակի պատարագ չանեին։ Կամ, եթե իրենք անեին որոշակի ժամի, ես պետք է անեի մեկ այլ ժամի, բայց ես գիտեի, որ կիրակի օրը իրենք պատարագ չունեն։ Վերջին պահին հենց իմ պատարագը խափանելու դիտավորությամբ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։ Վերջիվերջո, մենք պիտի հասկանանք, որ դա եղել է միայն այդ նպատակով, ոչ թե պարզապես զուգադիպություն, ոչ մի զուգադիպություն չկա։
-Հովտունի եկեղեցին հունական է, այդպես չէ՞ ։
-Այո, այն հունական եկեղեցի է, մենք խնդիր չենք հարուցում, որ իրենք օգտագործում են այդ եկեղեցին, մենք էլ ենք օգտագործում։ Առաջինը մենք են օգտագործել, հետո, երբ որ իրենք ուզել են օգտագործել, խնդիր չենք հարուցել, որովհետև, այսպես ասած, չեզոք եկեղեցի է։ Խնդիր չենք հարուցել նաև իրենց բոլոր արարողություններին, որ իրենք արել են այդ գյուղում, իրենք էլ խնդիր չպիտի հարուցեին և խոչընդոտ ստեղծեին մեզ, բայց մեկ անգամ ևս ցույց տվեցին իրենց դեմքը և խանգարեցին։ Մենք էլի մեր բարձրության վրա մնացինք, ավելորդ աղմուկ չսարքեցինք, պատմություն չստեղծեցինք, քաշքշոց չստեղծեցինք, սուսուփուս հեռացանք, բայց տես իրենց քայլը, դարձյալ գործեց իրենց դեմ, որովհետև մեր ձեռքին եղավ արդեն իրեղեն ապացույց մեր հանդեպ իրենց վերաբերմունքի, մեր եկեղեցու, մեր եկեղեցվո Սուրբ պատարագի նկատմամբ։
– Շիրակի մարզում շա՞տ են այն բնակավայրերը, որտեղ և՛ Կաթողիկե եկեղեցու, և՛ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են բնակվում, և ինչպե՞ս են կազմակերպվում պատարագները, շաբաթ օրը՝ Կաթողիկե եկեղեցու քահանան է պատարագ մատուցո՞ւմ, կիրակի՝ դո՞ւք։
– 12 բնակավայր են, Հովտունն էլ ներառյալ՝ 12 են։ Այն բնակավայրը, որ համարվում է բացարձակ կաթողիկե համայնք, թեև բացարձակ կաթողիկե համայնք գոյություն չունի, բայց պատմականորեն ընդունված է ասենք, որ կան բացարձակ կաթողիկե համայնքներ, ինչպես Լանջիկը, Արևիկը, Մեծ Սեպասարը, Ղազանչին, Արփենին, Բավրան, սրանք համարվում եմ զուտ կաթողիկե բնակավայրեր, թեև զուտ կաթողիկե չեն այսօր, մենք այնտեղ, անշուշտ, չենք էլ մտել պատարագելու, եթե գնացել ենք, գնացել ենք իրենց պատարագին մասնակցել։ Լանջիկում գնացել, իրենց պատարագին ենք մասնակցել, ոչ թե մենք պատարագ ենք մատուցել։ Երկրորդ անգամ, երբ որ ուզեցինք գնալ իրենց պատարագին մասնակցելու, դարձյալ խափանեցին, այնպիսի ժամի դրեցին, որ իբրև թե իրենք կիրակի օրը պատարագ չեն անում և այլն, և այլն․․․ Լանջիկ երկրորդ այցելությունը չեղավ։ Նույնպես գնացել և Արևիկում իրենց պատարագին մասնակցել եմ, երկրորդ անգամ, երբ որ ցանկացանք մասնակցել, դարձյալ ժամը չփոխեցին, այնպիսի մի ժամ դրեցին, որ ինձ հարմար չլինի, և Արևիկում չկայացավ։ Իսկ Մեծ Սեպասարում երկու անգամ գնացել եմ, իրենց պատարագին եմ մասնացել, ոչ թե ինքս պատարագել եմ։ Բայց կան նաև բնակավայրեր, որոնք խառը բնակչություն ունեն՝ Ազատանը և Ձիթհանքովը, այնտեղ Առաքելական եկեղեցի էլ կա, Կաթողիկե եկեղեցի էլ կա, Առաքելական եկեղեցում մենք ենք պատարագում, Կաթողիկե եկեղեցում՝ իրենք։
Իսկ ինչ վերաբերում է Հովտունին, Հովտունը կարելի է համարել վիճելի տարածք, քաղաքական լեզվամտածողությամբ, եթե ասենք՝ վիճելի տարածք է, որովհետև հունական գյուղ է եղել, հույները գնացել են, տարբեր տեղերից հայեր են եկել։ Մեծամասնությունը Տաշիրի Մեծավան գյուղից, որը համարվում է կաթոլիկ, բայց դա չի նշանակում, թե Հովտունը պատմականորեն կաթոլիկ բնակավայր է։ Այո ՛, կան կաթոլիկ ընտանիքներ, այո,՛ թերևս կաթոլիկները մեծամասնություն են, բայց կաթոլիկ մեծամասնությունն իրավունք չունի վտարելու առաքելական փոքրամասնությանը, ինչպես Ազատանում մեծամասնությունն առաքելական են, բայց կաթոլիկներին չեն վտարում։ Ձիթհանքովում առաքելականները մեծամասնություն են, բայց կաթոլիկները արհամարհված չեն, հիմա Հովտունում էլ շատ հնարավոր է, որ, այո ՛, մեծամասնությունը կաթոլիկ են, ուրեմն այնպես պիտի անի, որ Առաքելական եկեղեցին այնտեղ չմտնի՞։ Ուրեմն տեսեք Առաքելական եկեղեցվո բարյացակամությունը, իրենք նույն բարյացակամությունը չունեն մեր հանդեպ։ Ես վերջիվերջո Հովտուն չէի գնալու կաթոլիկներին դարձի բերելու առաքելականության։ Ես գնում էի նրանց համար, ովքեր կուզենային ես պատարագ մատուցեի, և ուզողներ կային։ Նույնիսկ կաթողիկե համարվող հավատացյալների մի զգալի մասը, վստահ եմ, որ կգային պատարագի, եթե իրենք չգնային, չահաբեկեին, չխոչընդոտեին, չարգելեին, շանտաժի չենթարկեին՝ երեխաներին էլ ճամբար չենք տանի, եթե հանկարծ Սրբազանի պատարագին գնաք, մեր պատարագին չենք թողնի, եթե գնաք Սրբազանի պատարագին, օգնություն էլ չենք տա ձեզ, եթե Սրբազանի պատարագին գնաք․․․ Եթե այսպիսի ահաբեկումներ չլինեին, վստահաբար ամբողջ գյուղն էլ կգար իմ պատարագին, այդպիսի ահաբեկումներ արեցին Արփենիում, բայց ոչինչ չստացվեց․ ժողովրդի մեծամասնությունը եկավ պատարագի, այդպիսի ահաբեկում արեցին Սարագյուղում, երբ որ ժողովրդի պահանջով մենք այնտեղ առաքելական եկեղեցի էինք կառուցում, մեծ պատմություն բացեցին իմ բացակայության ժամանակ։
-Կաթոլիկները պարզաբանում էին, որ Սարագյուղը կաթողիկե համայնք է։
-Կաթոլիկ համայնքում այդ գյուղապետարանի ավագանին Հայ Առաքելական եկեղեցուն բռնությա՞մբ է հող տրամադրել եկեղեցի կառուցելու համար։ Դեռ խոշորացումից առաջ Սարագյուղ գյուղի ավագանին հողատարածք է տրամադրել Հայ Առաքելական եկեղեցուն եկեղեցի կառուցելու համար, այդքանը չե՞ն հասկացել՝ ո՞ւմ են տրամադրել և ինչո՞ւ համար։ Եթե կաթողիկե գյուղ էր, ինչպե՞ս եղավ, որ կաթողիկե գյուղի կաթոլիկներից բաղկացած ավագանին հող տրամադրեց Հայ Առաքելական եկեղեցուն եկեղեցի կառուցելու համար։ Նույնը Արփենիում, ինչպե՞ս եղավ, որ Արփենիի կաթողիկեներից բաղկացած ավագանին խոշորացումից առաջ դարձյալ հող հատկացրեց Հայ Առաքելական եկեղեցուն եկեղեցի կառուցելու համար, ինչպե՞ս եղավ, որ կաթողիկե գյուղ է։ Ի՞նչ է, բռնությամբ գնացինք, ավտոմատ պահեցի՞նք վրաները, որ ավագանու անդամները ստորագրեցին այդ որոշումը։ Դրանից հետո, երբ մենք Արփենիում նախաձեռնում էինք եկեղեցու շինարարությունը, իրենք ափալ-թափալ եկեղեցի կառուցեցին, նույնիսկ անօրինական, որպեսզի կանխեն գյուղի առաքելականացումը, որովհետև գիտեք՝ ինչ «սարսափելի» բան կլինի, որ Արփենին դառնա առաքելական, պատկերացնում եք՝ ինչպիսի «ողբերգություն» կլինի։
-Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են այդպես ծանր տանում, Կաթողիկե եկեղեցու տեղի ներկայացուցիչնե՞րը։
-Խոսքը վերաբերում է միայն կղերականությանը, ժողովուրդը վաղուց պահանջ ունի միանալու և փակելու էջը բաժանման, ժողովուրդը վաղուց միացել է, և մենք էլ, իրոք, կողմնակից ենք եղել և շարունակում ենք լինել՝ մեր եկեղեցու դռները բաց պահելով կաթոլիկների առջև։ Իրենց ուզածն էլ երևի դա է, բայց մենք չենք փակում ու ոչ էլ մեր ոտքերն ենք դադարեցնում ուղղել իրենց կողմը, որովհետև մեր ժողովուրդն ենք համարում, որովհետև ուր էլ որ գնացել եմ, որ կաթոլիկ համայնք գնացել եմ ու հաճախ ասել եմ՝ ձեր առաջնորդը չեմ, ասել են՝ ինչո՞ւ եք այդպես ասում Սրբազան, մենք Ձե՛զ ենք ճանաչում որպես առաջնորդ, դո՛ւք եք մեր առաջնորդը։ Հիմա ես այդ ժողովրդից պիտի հրաժարվե՞մ, չպիտի հրաժարվեմ։ Եթե սարագյուղցին ցանկանում է Հայ Առաքելական եկեղեցի ունենալ իր գյուղում, ես ինչո՞ւ չպիտի անե՞մ, ինձ օրենքը արգելո՞ւմ է, իրենց օրենքը չարգելեց Գյումրու կենտրոնում եկեղեցի կառուցելու, չէ՞։ Եվ մենք ոչ մի խոչընդոտ էլ չհարուցեցինք, մենք միայն բողոքեցինք, բայց ոչ մի խոչընդոտ, երբեք։ Այո՛, բողոքել ենք, բողոքելը ուրիշ բան է, խոչընդոտելը ուրիշ բան է, տարբերությունը կարծեմ պարզ է, չէ՞։ Այո, ես բողոքել եմ այդ եկեղեցու կառուցման դեմ, բայց երբեք չեմ խոչընդոտել, երբեք չեմ խանգարել, երբեք ինչ-որ ինտրիգներ չեմ արել, խարդավանքներ չեմ արել, ինչպես գյումրեցին է ասում ՝ պարզ-այան բողոքն արտահայտել եմ, դու էլ բողոք ունես՝ պարզ-այան արտահայտի ասենք՝ Հովտուն իմ այցելության դեմ, բայց թե այդպես գաղտագողի, վերջին պահին․․ Այդ ի՞նչ մոտեցում է, դիտավորյալ գալիս, եկեղեցին գրավում ես, որ ես գամ, քեզ քաշելով դուրս հանե՞մ․․․Իզուր տեղը կոնֆլիկտ ես հրահրում, որ տեսեք՝ ես խելոք ինձ համար պատարագում էի խաղաղ, առաքելականները եկան, խանգարեցին պատարագս։ Չէ, դու խանգարեցիք մեր պատարագը, մենք քո պատարագը չխանգարեցինք։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Միքայել Սրբազանի ֆեյսբուքյան էջից