Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով նիստին այսօր ցուցմունք տվեց գործով վկա Արտակ Մկրտչյանը:
Վերջինս ասաց, որ հաշվառված է հոգեբուժարանում, նախկինում նաեւ ալկոհոլային խմիչքներ է օգտագործել: Նշենք, որ այս գործով առանցքային վկա Գեղամ Սահակյանն էլ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի:
Արտակ Մկրտչյանը պաշտպանական կողմի գրեթե բոլոր հարցերին պատասխանները չմտաբերեց, բայց չէր մոռացել, որ 2016 թվականի հուլիսի 29-ին Ազատության հրապարակում Արմեն Մարտիրոսյանի ելույթից հետո Անդրիաս Ղուկասյանը ելույթ ունեցավ, ինչից հետո մոտեցավ մի խումբ հավաքված մարդկանց, որոնց թվում նաեւ ինքն էր, ու հորդորեց «Քարերը հավաքել, հասնել «Սասնա ծռերին». «Ազատության հրապարակում կանգնած էի, ելույթ էին ունենում: Արմեն Մարտիրոսյանն էր ելույթ ունենում, տրիբունայում կանգնած Անդրիաս Ղուկասյանն էլ էր ելույթ ունենում: Ելույթից հետո ինքը իջավ, մենք 10-15 հոգով կանգնած էինք, ասաց` տղերք ջան քարեր հավաքենք, հասնենք մեր Սասնա ծռերին: Երթով շարժվեցինք, հասանք Նար Դոս, թեքվեցինք Սարի թաղ, ես էլ չգնացի, ես Խորենացի գնացի: Ավելորդ գլխացավանք էր, որ գնայի, մեկին պիտի վնաս տայի, խի վնաս տայի»:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ