Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք կլսեք համաշխարհային հիթեր, տաշի-տուշի չի լինելու»․ Երվանդ Երզնկյան

Նոյեմբեր 14,2017 18:02

Նոյեմբերի 14-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Երևանի պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 և ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյաններին նվիրված համերգի մամուլի ասուլիսը: Բանախոսները ժողովրդական արտիստ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն էին:

Համերգին մասնակցելու են Սոնա Ռուբենյանը, Նաիրա Մանուչարյանը, Մաշա Մնջոյանը, Էմմա Ասատրյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Քրիստինե Պեպելյանը և ամբիոնի նախկին և ներկա շատ սաներ։

«Հիմնադրամը միշտ մեծ սիրով է միանում նման նախաձեռնություններին, որովհետև կարծում ենք, որ մեր հանդիսատեսը՝մասնավորապես երիտասարդությունը, պետք է ավելի հաճախ հնարավորություն ունենա լսել ոչ միայն ձայնագրած, ֆոնոգրամային, այլ նաև կենդանի հնչողությամբ, նվագախմբերի մասնակցությամբ երաժշտություն»,- նշեց Արուսյակ Պողոսյանը։

Նա նաև հավելեց, որ տոմսերը անվճար են տրամադրվելու․«Յուրաքանչյուր համալսարանում հատկացվել է տոմսերի որոշակի քանակ և ուսանողական խորհուրդներից կարելի է վերցնել այն»։

Պարոն Երզնկյանի խոսքով՝ համերգին մասնակցելու են ոչ միայն էստրադային բաժինը ավարտած սաները, այլ նաև դասական բաժնի ուսանողներ, իսկ սպասվող անակնկալների մասին երաժիշտը չցանկացավ մանրամասնել․«Դուք կլսեք համաշխարհային հիթեր, ինչպես նաև էստրադային նոր ստեղծագործություններ, տաշի-տուշի չի լինելու։ Կարծում եմ ՝ բոլորս բավականություն կստանանք»,-ավելացրեց նա։

Դիրիժորը նաև խոսեց շատ երգիչների երկրից հեռանալու մասին . «Կարծում եմ ՝ սա ողբերգություն դարձնել պետք չէ․ երաժշտությունը պահանջում է աշխարհայացքի ընդլայնում։ Երբ դրսում հանդիպում ես օտարերկրյա երաժիշտների հետ, վերադառնալուց հետո հասկանում ես, որ նոր լիցքեր ես ստացել։ Մենք ունենք շատ տաղանդավոր ջահելություն, և ես այս փաստին շատ հանգիստ եմ վերաբերվում»։

Նա նաև նշեց, որ էստրադային-սիմֆոնիկ, ինչպես նաև ջազային երաժշտությունը Հայաստանում տարածում է գտել։ «Անկասկած մենք ունենք պրոֆեսիոնալներ և դասական և էստրադային երաժշտության մեջ, իսկ ինչ կապված է ջազին, կարծում եմ Հայաստանը առաջ է շատ երկրներից։ Այստեղ կա մասսա, որը կարող է ջազ լսել։ Վերջիվերջո, եթե դու չունեցար ունկնդիր, քո նվագելը քեզ էլ պետք չի լինի»,-հավելեց նա։

Երևանի պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 ամյակի և ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի 70-րդ տարելիցին նվիրված համերգը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930