«Ֆինանսաբյուջետային քաղաքականության պատասխանատուների այն հայտարարությունները, որ մյուս տարի սպասվում է հանրային ծառայության ոլորտում 5560 աշխատակցի ազատում աշխատանքից, լուրջ մտահոգություն է առաջացրել»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ դա բացատրում են այսպես, որ անպիտան աշխատուժն են հիմնականում կրճատելու: Պետրոսյանը հարց ուղղեց իշխանավորներին՝ բա ի՞նչ եք մտածել՝ պետական ապարատն այդքան ուռճացնելով եւ ո՞վ է հատուցելու՝ պետությանը հասցված այդքան վնասի համար:
Նա ասաց, որ եթե իսկապես նման կրճատումների կարիք կա, բայց այդ 5560 աշխատողներին ո՞նց կարող է հիմա պետությունը մատնի սովի եւ ասի, որ ես կապիտալ ներդրումների քաղաքականություն եմ իրականացնում. «Ուզո՞ւմ եք ազատվել անպիտան աշխատողներից՝ ազատվեք իրենց գործին անտեղյակ նախարարներից, հարկային բռնարարներից, ազատվեք դիվանագիտական աշխատանքի հետ կապ չունեցող, դիվանագիտական հաստատությունները հանգստի գոտու վերածած դեսպաններից»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ Հայաստանը Համաշխարհային բանկի Դուինգ բիզնես ցուցանիշով հետընթաց է ապրել 9 կետով, այս պահին 47-րդ տեղում ենք:
Նա ասաց, որ կառավարությունը միայն խոշոր բիզնեսին է սատարում, նույնիսկ գազի հարցով արտոնություն է տալիս խոշորին. «Չեմ կարծում, որ խոշոր բիզնեսին պետք է զիջումներ անել կամ արտոնություն տալ»: Ըստ պատգամավորի, եթե այսպես շարունակվի այս կառավարությունը մեր երկիրը բոլոր ոլորտներում 10 տոկոս նահանջ կապահովի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ