Մեր երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած է:
Նախ, խորհրդարանի հանձնաժողովներում քննարկվեց 2018 թվականի բյուջեի նախագիծը, որն, ըստ իս, իրատեսական է, հնարավորություն է տալիս ապահովելու շուրջ 5 տոկոս տնտեսական աճ և ունի կայունացման միտումներ երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար:
Հարգելի խորհրդարան, Հանրապետականը կարևորում է ՏԻՄ-երի դերն ու նշանակությունը: Այդ պատճառով էլ ակտիվ մասնակցեց նոյեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: 52 խոշորացված համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որից 42-ում հաղթեցին ՀՀԿ-ական թեկնածուները: Այս վստահությունը պարտավորեցնող է և գալիս է վերահաստատելու, որ համայնքներում ամենավստահելի քաղաքական ուժը անկասկած շարունակում է մնալ Հանրապետական կուսակցությունը:
Հարգելի գործընկերներ, հայաստանյան քաղաքական օրակարգի ամենաառանցքային հարցերից է Արցախյան հարցի խաղաղ կարգավորումը:
Չնայած Թուրքիայի ձգտումներին` ստանձնել որևէ դերակատարում կարգավորման գործընթացում, մենք հաստատակամորեն հայտարարում ենք. «Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում»:
Թուրքիան սատարել և սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: Սա դատապարտելի է: Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը միակ ընդունելի ձևաչափն է ոչ միայն հայկական կողմերի, այլ նաև միջազգային հանրության համար:
Բանակցություններում առաջընթաց ապահովելու համար նախ և առաջ պետք է իրականացվեն Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և ժնևի պայմանավորվածությունները: Բոլոր փորձերը՝ սահմանափակել Արցախի ժողովրդի ազատ ու պարտադիր կամարտահայտության իրավունքը խստորեն դատապարտելի են: Արցախը հռչակել է իր անկախությունը միջազգային նորմերին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, և Արցախի անկախությունը նույնքան օրինական է, որքան ԽՍՀՄ նախկին 15 հանրապետությունների անկախացումը: Արցախի ինքնորոշման օրինականությունը կասկածի տակ դնելով՝ Ադրբեջանը կասկածի տակ է դնում իր իսկ անկախության օրինականությունը:
Հետևություն. Արցախի անկախությունն այլընտրանք չունի:
Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Նոյեմբերի 14-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Բյուջեի մասով չարժեր կրկնվել, 8 տարի է նույն նախադասությունը լսում ենք, բայց արժեր որ դերվիշի շոր հագած մի հատ գնայիք համայնքներ: