Երբ մենք մեր որդիներին ուղարկում ենք զինծառայության՝ հայրենիքի սահմանների պաշտպանության, մենք գիտենք, որ թշնամու անողորմ գնդակը կարող է չխնայել նրանց, բայց նրանց հերոսական հայացքների առջև խոնարհվելով`մենք համաձայնում ենք այդ անձնազոհությանը` հպարտանալով նրանց ունեցած մարտական պատրաստակամությամբ:
Եվ երբ ստիպված ենք լինում ընդունել նախախնամության կամքով նահատակված մեր որդիներին, մենք ջանք չենք խնայում զսպելու մեր սրտերը կեղեքող վիշտը, որպեսզի ճանապարհենք նրանց հերոսին վայել փառքով ու պատվով:
Բայց որքան ցավ է պատճառում մեզ, երբ մեր արդեն տասնամյակ ու կես պատերազմող բանակի ներսում եղող կարգ ու կանոնի անընդունելի փնթիության հետևանքով կորցնում ենք նրանց, որոնք չեն խնայում իրենց կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի:
Դեռևս որքան անիմաստ զոհեր են հարկավոր մեր կառավարությանը, որպեսզի նա կարգավորի իր հերոս բանակի ներսում եղող սեփական փնթիությունը, որպեսզի նա հասկանա, որ իր աններելի փնթիության պատճառով կարող է վերջնականապես սպառել իր հերոսներին, որոնք անիմաստ զոհվում են, կամ մեռնում են բանակի ներսում տիրող անկարգությունների և անլուրջ դրսևորումների պատճառով:
Մենք չենք կամենում կրկին անգամ մատնանշել անօրինական դրսևորումների բազմաթիվ օրինակները, որովհետև մեր նպատակը նրանց խաչը հանելը չէ, հապա արթնացնելը:
Մենք չգիտենք, ինչպե՞ս պիտի քավեն իրենց մեղքը անփութության հետևանքով պահեստում տեղի ունեցած հակատանկային նռնակի ավերիչ հետևանքները կանխելու համար իր մարմնով նրա առաջը նետված, իր կյանքը զոհաբերած ժամկետային զինծառայող ազգային հերոս Հրանտ Մանգասարյանի առաջ:
Մեր սրտերում սուգ է, բայց մեզ ցավակցություններ պետք չեն, որովհետև մենք գիտենք, որ հերոսները չեն մեռնում, այլ ապրում են հավերժ իրենց ժողովրդի սրտերում:
Մեր որդու, եղբոր անձնազոհ արարքը մեզ չի զարմացրել, քանի որ նա իր քաղաքացիական կյանքում էլ էր այդպիսին՝ իրեն շրջապատողների համար ինքն իր անձը չխնայող, միայն թե դիմացինները անշնորհակալ չգտնվեին:
Մենք վիշտ ենք ապրում այս կույր կորստի համար և համակ ուշադրությամբ սպասում մեր կառավարության կատարած՝ իրենց մեղքին քավություն տվող քայլերին:
Արամ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրանտ Մանգասարյանի հարազատներից