Yerkirtsirani.am կայքի շնորհանդեսից հետո «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են նոյեմբերի 26-ին Գլենդելի քաղաքապետարանի առջեւ համահայկական ընդվզումի ակցիա կազմակերպել ընդդեմ Հայաստանի իշխանությունների, որից հետո բողոքի ակցիա կկազմակերպեն նաեւ Լոս-Անջելեսում գտնվող Հայաստանի հյուպատոսության առջեւ: Նրա խոսքերով, իրենք բավականաչափ համակիրներ ունեն նաեւ ամբողջ աշխարհում միաժամանակյա ընդվզման ակցիա կազմակերպելու համար:
Լրագրողներին հետաքրքրեցին տարկետման իրավունքի վերացման օրինագծի մասին տիկին Փոստանջյանի պատկերացումները: «Երիտասարդների պահանջն արդարացված է եւ իրենք պետք է առաջ մղեն իրենց պայքարը: Եթե խոսում ենք բանակում բարեփոխումների մասին, դա պետք է լինի համալիր, այլ ոչ թե այնպես, ինչպես ներկայացված է օրինագծում: Մենք այսօր համալրման հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունենք բանակում: Բայց համալրումն այս կերպ տեղի ունենալ չի կարող: Դա պետք է իրականացվի համալիր: Դրա մեջ են մտնում ռազմարդյունաբերության, գիտության հարցերը: ՀՀ բյուջեից որքա՞ն է տրամադրվում գիտությանն ու կրթությանը: Շատ չնչին: Եթե մեր բանակը համալրված լինի ժամանակակից սպառազինությամբ, եթե մենք գիտելիքահենք տնտեսություն, ռազմարդյունաբերություն ունենանք, բանակում մարդաքանակն այդքան կարեւոր չի լինի: Եթե դու գիտությանն ու կրթությանը գումար չես տրամադրում, չես կարող ունենալ լավագույն բանակներից մեկը, լավագույն պաշտպանությունը», – ասաց Զարուհի Փոստանջյանը:
Aravot.am-ի հարցին, թե հնչեցված նպատակին հասնելու համար տարիներ են հարկավոր՝ բանակը գործում է այսօր, այդ միջանկյալ ժամանակահատվածում բանակը համալրելու եւ մարտունակությունը պահելու ինքն ի՞նչ լուծում է տեսնում, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը պատասխանեց. «Հայաստանում մոտ 22 հազար ոստիկան կա, որոնք ունեն աշխատավարձ, պաշտպանության բանակի զինվորի հետ համեմատած՝ լավագույն հանդերձանք: Հետեւաբար, խնդիրն այստեղ պետք է տեսնել: Ոստիկանության այս պահի եղած քանակը, որը մեզ բացարձակ անհրաժեշտ չէ, կարելի է կրճատել եւ տեղափոխել բանակ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ