Տարկետման իրավունքը բացառող օրենսդրական նախաձեռնության դեմ ընդվզող ուսանողներն այսօր երթով հասան ԱԺ-ի դիմաց եւ նիստի մասնակցող մտահոգ պատգամավորներին կոչ արեցին գալ ու լսել իրենց:
Մոտեցավ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը եւ լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ուսանողության նախաձեռնությունը ճիշտ է:
Ինչ վերաբերում է դասադուլ անող հինգ ուսանողների հացադուլին, Արամ Սարգսյանն ասաց. «Հակված չեմ քննադատելու այն մարդկանց, որոնք սեփական առողջությունը վտանգելով՝ քայլերի են գնում: Իհարկե, կոչ կանեի հացադուլից դուրս գալ, որովհետեւ եթե այդպես խնդիրը լուծվեր, ես էլ հացադուլ կանեի…բայց «Հանրապետական» մեծամասնությունը նման բաներին չի էլ նայում»:
Արամ Սարգսյանը նշեց՝ չի բացառում, որ առաջիկայում ուսանողությունը կանի այնպիսի քայլ, որից ՀՀԿ-ն կսթափվի եւ ստիպված կլինի նահանջել. «Տեսա՞ք՝ մի քիչ սեղմեցինք, վարչապետով ընդունեցին ձեզ: Եթե, օրինակ, ժամկետներ դնեք, գուցե մտածելու տեղիք տաք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ