«Կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն է ԱԺ-ում քննարկվում: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարցրեց գնաճից, ի՞նչ գնահատական կտա գնաճային միտումներին:
Ջավադյանը պատասխանեց, որ «Այս պահին մենք ունենք 1.2 տոկոս գնաճ: Իհարկե, խոսքը գնում է հոկտեմբերի մասին, որը վիճծառայության կողմից հրապարակվել է»: Ջավադյանն ասաց, որ կարագն ու մսամթերքն են թանկացել, պատկան մարմինները գնահատականներ եւ բացատրություն տվել են: Կան նաեւ գնանկումներ, օրինակ, բանջարեղենը:
Փաշինյանն ասաց, որ կարող է ապրանք լինի, որ էժանացել է, բայց մարդուն այդ ապրանքը պետք չլինի, ինքը առնչություն չունենա դրա հետ: Նա ասաց, որ շատ դեպքերում սպառողի տեսակետից ԿԲ-ի բացատրությունն այս առումով հակասություն է պարունակում:
Ջավադյանն ասաց, որ իսկապես կան որոշակի գնաճային ճնշումներ. «Եթե լինենք ազնիվ, մենք ունենք հաց, հացամթերք, պարենային ապրանքները կազմում են 40 տոկոսից ավելին մեր զամբյուղում: Մնացածն են կազմում ոչ պարենային ապրանքները եւ ծառայությունները: Խոսքը չի գնում խավիարի մասին, կամ նրբերշիկի հատուկ տեսակի մասին: Խոսքը գնում է կաթնամթերքի, շաքարավազի, բրնձի, ալյուրի մասին: Այդ ապրանքատեսակներում ընդամենը երկու ապրանքատեսակի գին է բարձրացել այս պահին, դա կարագն է եւ միսը, այն էլ՝ որոշակիորեն, այնքան չի բարձրացել, ինչքան դրա մասին խոսում են: Նույնիսկ մսամթերքի գնային կառուցվածքում այդքան գնային փոփոխություն չի եղել»:
Փաշինյանը նաեւ հարցրեց, թե ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի հետ կապված երբ ընդունվելու դեպքում հունվարի 1-ից մտնի շրջանառության մեջ, արդյոք գնաճը շատ մեծ թիվ չի՞ կազմի ու չե՞ն թերագնահատել գնաճը բյուջեի նախագծում:
Ջավադյանը պատասխանեց. «Քանի որ մենք միացել ենք այդ համաձայնագրին, մենք այդ վարժություններն արել ենք, հաշվարկն ունենք: Տուրքերի մասով գնաճային ազդեցությունը կլինի մոտ 0.41 տոկոս, մյուս մասով՝ մոտ 0.5 տոկոս, ընդհանուր առմամբ ազդեցությունը մեկ տոկոսից պակաս է»: Ջավադյանը խոստացավ հաշվարկները ներկայացնել Փաշինյանին:
Պատգամավորները հարցրեցին՝ ի՞նչն է խանգարում, որ ԿԲ-ն լինի լրիվ անկախ մարմին: Ջավադյանը պատասխանեց, որ պետք է շահերի բախում լինի. «Չի կարող մի սուբյեկտ լինել համ փողը թողարկող, համ ծախսող»: Նա նաեւ նշեց, որ մինչեւ հիմա էլ ԿԲ-ն անկախ է եղել, բայց որոշակի խնդիրներ կան լուծելու. «Ես պատրաստ եմ այդ խնդիրներով կիսվել ձեր հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ