Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ նպատակը ողջ հանրության հետ կապ հաստատելն է, իրենց գաղափարախոսությունը, սկզբունքները պլանավորվող գործողությունները փոխանցելը: «Մենք նախատեսում ենք ունենալ «Երկիր Ծիրանիի» կառույցները աշխարհի բոլոր տարածաշրջաններում, որտեղ հայաշատ բնակչություն կա: Կայքը լինելու է ինտերակտիվ՝ մեր տեսանյութերը պետք է հրապարակենք, հանրությանը տեղեկացնենք՝ ինչ է կատարվում Հայաստանում, ինչ գործողություններ ենք պլանավորում Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Կայքը նպատակ ունի համախմբել ողջ հայությանը:
Մենք միշտ աշխարհին տվել ենք մեր հայ զավակներին: Հիմա եկել է պահը, որպեսզի հայերը հավաքվեն, իրենց ներուժը, կարողությունները ծառայեցնեն մեր Հայաստանին: Բայց դա բարեգործության տեսքով չպետք է լինի, որը 25 տարիների ընթացքում եղել է մինչեւ այս պահը: Ոչ թե նվիրատվությունների տեսքով, այլ իրենց ուղղակի մասնակցությամբ: Ժամանակակից աշխարհն այդ հնարավորությունն ընձեռում է: Դու կարող ես ապրել Լոս-Անջելեսում, բայց զբաղվել քաղաքականությամբ Հայաստանում», – Aravot.am-ին ասաց Զարուհի Փոստանջյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ