ՊՆ ներկայացրած՝ տարկետումը բացառող օրինագծի դեմ ընդվզող ուսանողներն այսօր ԵՊՀ դիմաց նստացույց անելուց հետո, երբ նրանց միացան նաեւ այլ համալսարանների դասադուլավորներ, այժմ շարժվում են դեպի ԱԺ շենք՝ իրենց ձայնը լսելի դարձնելու նպատակով:
Անժամկետ հացադուլ հայտարարած հինգ տղաներին էլ միացել է եւս մեկ ուսանող: Հինգն էլ ԵՊՀ-ում շարունակում են մնալ կողպված լսարանում:
Երթի մասնակից դերասանուհի Թամար Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ողջունեց ուսանողների նախաձեռնությունը՝ համոզմունք հայտնելով, որ նրանք են երկրի ապագա կերտողները: Ինչ վերաբերում է հացադուլին, տիկին Հովհաննիսյանը կարծում է, որ պետք չէ նման քայլի դիմել:
«Այն անկուշտները, որոնք ամբողջ օրը լափում են, չարժեն նրան, որ այդ տղաները հյուծվեն»,-ասաց նա:
Ուսանողները վանկարկում են՝ «տարկետում լինելո՜ւ ա», «ազատ-անկախ ուսանող», «հանուն գիտության»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ