Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հարցաքննեց Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանին:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց՝ Երեւանի Խորենացի փողոցը անցած տարվա հուլիսի իրադարձությունների ժամանակ հասարակության համար վտանգավոր վայր համարե՞լ է, թե՞ ոչ, ի պատասխան Անդրիաս Ղուկասյանն ասաց՝ այո. «Եվ ոստիկանությունը սահմանազատել է այդ տարածքը, որի ներսում հատուկ գործողություններ են կատարվել, սակայն քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները չեն պահպանվել: «Սասնա ծռերի» որեւէ գործողություն հանրության դեմ ուղղված չէր եւ դա ապացուցվեց, բայց ոստիկանության գործողությունները տրամաբանական էին եւ հասկանալի էր` ինչու է արվում»:
Ղուկասյանի պատասխանին հաջորդեց մեղադրող դատախազի՝ «Դա ձեր կարծիքն է» ռեպլիկը:
Մեղադրողը նաեւ հետաքրքրվեց՝ գործով առանցքային վկա Գեղամ Սահակյանին Ղուկասյանը որտեղից է ճանաչել, ինչ կապ է հետը ունեցել, ինչ հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ:
Ի պատասխան՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ ճանաչել է ցույցերից, որպես քաղաքացի. «Գեղամ Սահակյանի մասնակցությունն այդ ամեն ինչին ինձ համար անհասկանալի էր, այդ պատճառով էլ հետաքրքրվել եմ, թե ով է, ինչու է մասնակցում ցույցերին: Տեղյակ եմ, որ Գնունի շուկայում պահակ է աշխատել, իսկ Գնունի շուկան բոլորին էլ պարզ է, թե ում է պատկանում եւ հենց այդտեղից էլ պարզ է, թե ում համար էր աշխատում Գեղամ Սահակյանը»:
Մեղադրող Պետրոսյանի հաջորդ հարցը վերաբերում էր, թե ինչու է Անդրիաս Ղուկասյանը Գեղամ Սահակյանի հետ հանդիպել Երեւանի Երզնկյան 75 հասցեում, ինչին ի պատասխան՝ Ղուկասյանն ասաց. «Այդ շենքը հանրային տարածք է, քաղաքացիների համար բաց շենք է, եւ քաղաքացիները կարող են այդտեղ քաղաքական գործիչների հետ հանդիպել: Հակաճգնաժամային խորհրդի անդամ եմ եւ այդ օրերին «Ժառանգություն» կուսակցությունն այդ տարածքը տրամադրել էր մեզ, ես էլ Գեղամ Սահակյանի հետ հանդիպել եմ այդ տարածքում: Դա փակ շենք չէ, այդ հանդիպումն էլ փակ չի եղել»:
Ղուկասյանի հարցաքննությունն ավարտելուց հետո մեղադրողը հայտարարեց, թե Ղուկասյանի ցուցմունքը սուտ է, ինչի համար, ըստ նրա, նախատեսված է քրեական պատասխանատվություն:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ