«Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը համոզված է, որ Տաքսի ծառայությունների լիցենզավորման նոր կարգով դաշտում մենաշնորհ է ստեղծվելու: Ըստ նրա, փոփոխության նպատակն այն է, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունից եկած «Yandex» ընկերությունն այդ բիզնեսում դառնա մենատեր:
Վահագն Սահակյանի խոսքով, «Yandex»-ը չնայած պնդում է, որ ինքը ոչ թե տաքսու, այլ հավելվածի ծառայություն է մատուցում, այդուհանդերձ, փաստ է, որ այդ հավելվածով հավաքագրված ավտոմեքենաները «Yandex»-ի անվան տակ են հաճախորդներին սպասարկում, որոնց մեծ մասը որպես տաքսի լիցենզավորված չեն:
Նշենք, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է, որ առցանց հավելվածով աշխատող տաքսիները նույնպես պետք է լիցենզավորվեն:
Այսօր «Տեսակետ» ակումբում պարոն Սահակյանն ասաց, որ լիցենզավորվելու դեպքում տաքսու սակագները մեր երկրում երկակի կամ եռակի բարձրանալու են: Նրա համոզմամբ, քանի որ տաքսի ծառայությունը համեմատաբար մատչելի է եղել մեր երկրում, այդ հանգամանքը խոչընդոտ է հանդիսացել, որպեսզի հասարակական տրանսպորտը զարգանա:
Վահագն Սահակյանի տվյալներով, Երեւանում օրական ուղեւորահոսքը կազմում է 600-650 հազար մարդ, որից գրեթե կեսն օգտվում է տաքսի ծառայությունից:
Օրենքի մեկ այլ փոփոխությամբ սահմանափակվելու է ավտոմեքենաների տարիքը, ինչը, նույնպես բերելու է նրան, որ տաքսի ծառայություն մատուցող բազմաթիվ ավտոմեքենաներ դուրս են մնալու, իսկ տաքսիների թիվը սահմանափակվելու դեպքում կրկին սակագինը բարձրանալու միտում կա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ