Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում է 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի եւ Թորոս Թորոսյանի գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ:
«Ողորմելինե՜ր, զրպարտությունը ձեր համար կապիտալ է կուտակում, իսկ վաղը ձեր զրպարտությունները սեւ օձ կդառնան եւ կփաթաթվեն ձեր վզին: Իսկ ես կլինեմ սարի գագաթին, իսկ ձեզ այդ սեւ օձը կտանի պատմության ճահիճը»,-այսպիսի հայտարարություն արեց ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը, հայտնի որպես «Դեդ», երբ պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը ներկայացրեց ամբաստանյալներից Թորոս Թորոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու միջնորդություն:
Խնդիրն այն է, որ դատավոր Արթուր Օհանյանը շտապում էր հեռանալ խորհրդակցական սենյակ՝ առանց միջնորդության առնչությամբ ամբաստանյալների կարծիքները լսելու:
Մարտիրոս Հակոբյանը հետեւյալն ասաց. «Դահիճները որոշել են ժողովրդին այնպես դատել, ինչպես դատեցին «Հաց բերողին»…Ո՜վ զրպարտիչներ՝ դուք ավելի լեղի եք, քան օձի թույնը: Դուք ժանտախտից դաժան եք: Դուք Հուդայի եւ Յագոյի պես եք»:
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը որոշեց Թորոս Թորոսյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ