Այսօր լրագրողները ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանին հարցրեցին՝ փոխանցելո՞ւ եք Վիգեն Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի քննադատությունները եւ այն, որ նա դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ քաղաքական գործիչ դառնա:
Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ փոխանցելու խնդիր չկա, փակ սենյակում զրույց չի եղել: Հարցին՝ համաձա՞յն եք քննադատությունների հետ՝ նա պատասխանեց. «Դա քննադատություն չի, դա ցինիզմի դրսեւորման հերթական օրինակն էր»:
Հարցին՝ Վիգեն Սարգսյանի ծառայել-չծառայելու հարցը բաց է մնում՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է, պատասխանը ստացել է, հիմա եթե իրեն չի բավարարում պատասխանը, հարցնենք իրեն:
Հարցին՝ որտե՞ղ է ծառայել նա, միաժամանակ սովորել է Սանկտ Պետերբուրգում եւ ՀՀ-ում՝ Արտակ Զաքարյանն ասաց, որ փաստաթղթերը կան: Մեր դիտարկմանը, որ հիմքերը չկան, զինկոմիսարիատը չի տրամադրել՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Իմ ծառայության հիմքերն էլ չկան, որովհետեւ կարգն է այդպես, 5 տարի հետո փաստաթղթերն արխիվացվում են եւ ոչնչացվում են: Ես էլ ծառայել եմ, ոչ մեկդ չեք կարող գտնել թղթեր, որ ծառայել եմ, ընդամենը իմ զինգրքույկում կա նշում»:
Լրագրողները փոխանցեցին հասարակական դժգոհությունը, որ եթե նույնիսկ փաստաթղթերով ՊՆ նախարարը ծառայել է, նա, ըստ էության, զենք չի վերցրել ձեռքը, չի եղել առաջնագծում, վիրավորվելու հնարավորություն չի ունեցել, ինչպես մյուս զինվորները: Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ ծառայությունը տարբեր տեսակներ ունի. «Ինչի՞ եք անպայման ուզում, որ բոլորը վիրավորվեն կամ բուժվեն: Իմ բախտը բերել է, ես էլ չեմ վիրավորվել, մի քանի անգամ բախտս բերել է պատահաբար»:
Ըստ փոխնախարարի, մենք գտնվում ենք մի երկրում, որտեղ դեռ պատերազմը չի ավարտվել եւ պարզ չի՝ ով է վիրավորվելու, ով է հերոսանալու եւ ով է դասալիք լինելու. «Վիգեն Սարգսյանի ծառայությունները պետության, հասարակության առջեւ շատ բաց, հրապարակային են, այդ թվում՝ զինվորական ծառայությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ