Քրեական օրենսգրքի 197 հոդվածում, որը վերաբերվում է անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի արգելմանը, մի նոր դրույթ է ավելացել` սեռական կողմնորոշման հետ կապված:
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանն այսօր «Հենարան» ակումբում կարծիք հայտնեց, որ եվրոպական դպրոցներում 6 տարեկանից երեխաները սովորում են սեռական դաստիարակություն, իսկ 12 տարեկանում իրենք են որոշում իրենց սեռը, ինչը նրա համոզմամբ, անթույլատրելի է:
Ըստ նրա՝ 2017-ին Հայաստանում գործող միջազգային որոշ կառույցներ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության միջոցով փորձում էին դպրոց մտցնել սեռական կրթությանը վերաբերող ձեռնարկներ, որոնք պատմում են նույնասեռականության եւ սեռական հարաբերությունների մասին»:
Հայկ Նահապետյանի խոսքով, արդարադատության նախարարությունը, Քրեական օրենսգրքի 197 հոդվածում, որը վերաբերվում է անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի արգելմանը, մի նոր դրույթ է ավելացրել` սեռական կողմնորոշման հետ կապված, որի համաձայն չի կարելի այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերել: Համաձայն դրա, եթե քաղաքացին է խախտել օրենքը, ապա 2 տարի ազատազրկում է սպասվում:
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Հայկ Այվազյանը պնդեց, որ 2017 թվականի մայիսի 10-ին, ամերիկյան «Փյու» հետազոտական կենտրոնը հրապարակել է հետազոտություն, որն արվել էր Արեւելյան երկրների բնակչության շրջանում, նաեւ Հայաստանում: Հետազոտության տվյալներով, նույնասեռականության դեմ բացասական վերաբերմունք ունի հայաստանցիների 98 տոկոսը:
Հայկ Այվազյանի խոսքով, իրենք ստեղծել են հատուկ խմբեր, որպեսզի մայրաքաղաքում, մարզերում բնակչությանը տեղյակ պահեն, նրանց բնորոշմամբ, «հակահայկական» քարոզչության մասին:
Գրետա ՄԱՐԳԱՐՅԱՆ