Իսրայելի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել անօդաչուներ արտադրող ընկերության դեմ, որի արտադրանքն ադրբեջանական կողմն օգտագործել էր Արցախի շփման գոտում:
«Aeronautics պաշտպանական համակարգեր ՍՊԸ-ի դեմ քննություն է սկսվել՝ հայտնի մի հաճախորդի հետ կատարված գործարքի շրջանակում»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ընթացող հետաքննության մասին հայտնի է դարձել երկուշաբթի՝ իսրայելական դատարանի թույլտվությամբ: Հետաքննության վերաբերյալ տեղեկատվությունը սահմանափակ է, օրինակ, չի հստակեցվում՝ ինչ «կարևոր հաճախորդի» մասին է խոսքը:
Իր հաղորդագրության մեջ Aeronautics-ը նշել է, որ «հնարավորության սահմաններում լիարժեք կերպով կհամագործակցի ցանկացած հարցով, որպեսզի հետաքննությունը լինի հնարավորինս արագ»:
Հիշեցնենք, օգոստոսի վերջին հաղորդվում էր, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը ժամանակավորապես արգելափակել է 20 մլն դոլար արժողությամբ Orbitier K1 անօդաչու սարքերի մատակարարումը կարևոր հաճախորդի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ