ՀՀԿ-ականները ԱԺ-ում փորձում են ապացուցել, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեր երկրի առանցքային քաղաքական գործիչներից մեկն է:
Մինչ այդ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հեգնել էր Վիգեն Սարգսյանին, որ ԱԺ ամբիոնից մնում-մնում, ասում է՝ ես՝ քաղաքական գործիչս, մինչդեռ քաղաքական գործիչ դառնալու համար նա, ըստ Փաշինյանի, դեռ շատ «հաց ու պանիր պիտի ուտի»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2017-ին խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում էր Վիգեն Սարգսյանը եւ դա պատահական չէ. «Նրա առաջնորդությամբ ՀՀԿ-ն ունեցել է կայուն մեծամասնություն, որի պատկերը դուք տեսնում եք դահլիճում»:
Ինչ վերաբերում է այն քննադատությանը, որ Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀ-ում գերագույն գլխավոր հրամանատարը Սերժ Սարգսյանն է եւ ՊՆ նախարարը պետք է հարցերը համաձայնեցնի գերագույն գլխավոր հրամանատարի հետ:
ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ ասաց. «Մեր նպատակը չի վնասել կրթությանը, ամեն գնով տանել ծառայության: Մեր նպատակն է սեղմել բոլոր այն խողովակները, որտեղից տարբեր պատրվակով կարող են խուսափումներ լինել եւ ցավոք, եղել են»:
Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանի՝ քաղաքական գործիչ լինել-չլինելուն՝ Զաքարյանն ասաց. «Դուք շատ լավ գիտեք, որ քաղաքական գործիչ միայն քաղաքական պաշտոն զբաղեցնելով չի: Շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնողներ կան, որ իրենց դժվար է քաղաքական գործիչ ասելը: Քաղաքական գործիչը մարդու կերպար է: Վիգեն Սարգսյանը բազմիցս ցույց է տվել, հենց քաղաքական գործչի կերպարում է հանդես եկել բոլոր այն պաշտոններում, որոնք վարել է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ