Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյան. «Բիզնես ոլորտի հետ երկխոսությունը չի ստացվում»

Նոյեմբեր 14,2017 13:17

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը Մամուլի ազգային ակումբում խոսեց Հայաստանի գիտության զարգացման միտումներից, խոչընդոտներից ու հնարավորություններից:

Նրա ձեւակերպմամբ, մեր գիտությունը տարածաշրջանում ունի բավականին բարձր մակարդակ, ինչն էլ փաստելու համար վկայակոչեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալները եւ գիտաչափական համակարգի միջոցով չափման արդյունքները: Վերջիններս գոյանում են հետեւյալից` միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրված աշխատանքների թիվը, հղումների թիվը, աշխատանքի առեւտրային հետեւանքները, տնտեսության մեջ կիրառությունը:

Վերջին 5 տարիների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնասիրության արդյունքներով Հայաստանին յուրաքանչյուր 1 մլն մարդու թվով բաժին է ընկնում 232 գիտական արդյունք, Թուրքիային` 311, Ուկրաինային` 109, Իրանին` 326, Իսրայելին` 1431: Ռադիկ Մարտիրոսյանն ասում է, որ ցիտման ինդեքսով էլ Հայաստանն առաջատարներից է ԱՊՀ երկրների թվում: Արդյունքները հետեւյալ կերպ են բաշխվում. Հայաստան` 1,059, Մոլդովա` 1,115, ՌԴ` 0,756, Ադրբեջան` 0,137:

ԳԱԱ նախագահը ափսոսում է, որ գիտությանը հատկացված գումարների արդյունքով Հայաստանը ամենավերջին տեղերում է, օրինակ, եթե Իսրայելի գիտությանը հատկացվում է ՀՆԱ 4,5%-ը, Հայաստանին ՀՆԱ 0,25 %-ը:

«Այդ բացը մենք լրացնում ենք մեր միջազգային կապերով, մասնակցելով միջազգային դրամաշնորհային ծրագրերի»,-ասում է Ռադիկ Մարտիրոսյանը: Հավելում է, որ 2008-ից ակադեմիան օգտագործում է նաեւ Սփյուռքի գիտնականների ներուժը: Եթե նրանք ընտրվում են ՀՀ ԳԱԱ անդամ, ապա պարտավոր են մասնակցել ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովներին, վերապատրաստել հայաստանցի 1 երիտասարդի որեւէ հեղինակավոր լաբորատորիայում, հայաստանցի գիտնականների հետ համատեղ աշխատանքներ անել եւ այլն:

Բանախոսը ցավում է, որ ՀՀ ԳԱԱ գիտատեխնիկական բազան հնացած է, հայաստանցի գիտնականներն աշխատում են հին սարքավորումներով, գիտությունը հրապուրիչ չէ երիտասարդների համար, բիզնես ոլորտի հետ երկխոսությունը չի ստացվում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութերը քիչ անց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930