ԱԺ-ում քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ: Հիշեցնենք, որ օրենքը սահմանափակում է տարկետման իրավունքը եւ դրա դեմ արդեն 6-րդ օրն է՝ բողոքի ցույցեր են անում ուսանողները:
Նախագիծը զեկուցող ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ ծառայության նկատմամբ հավասար սկզբունքներ է ապահովելու օրենքը:
Նա ասաց, որ տարկետման հիմքերից հանվել է ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքը, այն փոխարինվել է նպատակային ուսման համար տարկետման իրավունքով: ՊՆ-ի ետ պայմանագիր պետք է կնքեն տղաները եւ, ուսումն առանց ընդհատելու՝ նաեւ ծառայեն:
Հիվանդությունների ցանկը, որով ազատվում էին բանակից, ներկայումս գործող օրենքով սահմանում էր նախարարը, հիմա պետք է սահմանվի արդեն կառավարության որոշմամբ:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ են եղել. «Կառավարության որոշմամբ քաղաքացիներին տարկետում տալու հնարավորությանն է վերաբերում առաջարկներից մեկը: Մենք առաջարկել էինք, որ հստակ սահմանվի, թե որ դեպքերում կառավարությունը կարող է ունենալ նման իրավունք եւ ՀՀ քաղաքացիներին տարկետում տալ: Գիտության, սպորտի, մշակույթի, կրթության, արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցողներին կառավարությունը կարող է տալ տարկետում»:
Ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, ըստ Նահապետյանի, չի վերացվել ու այդ մտահոգությունները տեղին չեն:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը գտնում է, որ օրենքի նախագիծը մանրակրկիտ քննարկվել է ամիսներ շարունակ եւ որեւէ բաց չի մնացել, դրա ապացույցն է այն, որ որեւէ խմբակցություն գրավոր առաջարկություն չի ներկայացրել, սակայն այսօր առավոտյան լսել է, որ 5 հոգի համալսարանի ներսում հացադուլ են հայտարարել. «Ես խնդրում եմ տղաներին,որ դադարեցնեն հացադուլը եւ նորմալ տրամաբանական դաշտ վերադառնան: Խնդրում եմ տղաներին վերջ տան իրենց դասադուլին եւ վերադառնան նորմալ ուսումնառությանը»:
Ըստ նրա, եթե ասելիք կար, պիտի դա արվեր այն ժամանակ, երբ դեռ օրենքի նախագիծը խմոր էր: ՀՀԿ պատգամավորը գտնում է մ, որ բանակաշինությունն ավելի կարեւոր է եւ տղաները կարող են իրենց երիտասարդական ավյունը ավելի լավ օգտագործել եւ այլ տեղ օգտագործել:
ԱԺ կրթության, գիտության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն էլ ասաց, որ ուսանողների որոշ պահանջներ կարելի էր լսել երկրորդ ընթերցման ժամանակ. «Կուզենայի մեր երիտասարդների ձայնը լսելի լիներ»:
Նիստը վարող Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց, որ եթե լսելի չլիներ երիտասարդների ձայնը, ոչ վարչապետը, ոչ ԿԳ, ոչ էլ ՊՆ նախարարները չէին հանդիպի նրանց հետ եւ առաջարկություն չէին անի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ