Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր, որ վերջերս իր էջում հայտնաբերել է բազմաթիվ չկարդացված նամակներ։ Դրանք սոցցանցում իր ընկերները չհամարվող մարդկանցից ուղարկված նամակներ են եղել։
Դրանք Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատ արձակվելու օրն ուղարկված նամակներն են, որոնց ճնշող մեծամասնության բովանդակությունը Ադրբեջանի քաղաքացիների և կամ պարզապես ադրբեջանցիների կողմից սպառնալիքներն են։
Օրինակ՝ դրանցից մեկը. «Պետք չէր, որ մեր նախագահ Իլհամ Ալիևը քեզ բաց թողներ, պետք էր քեզ մի լավ… (այստեղ ցենզուրայից դուրս արտահայտություն է,– խմբ.), որպեսզի իմանայիր՝ ինչպես այցելել հայերի կողմից օկուպացված Ղարաբաղը»։
Լապշինի հետաքրքրասիրությունն ամեն դեպքում տեղի է տվել և նա որոշել է կարդալ այդ բոլոր նամակները։ Այսպիսով, նա արձանագրել էր, որ վատ բաներ են գրել 112 մարդ, որոնց 90%-ն Ադրբեջանի քաղաքացիներ են՝ Բաքու, Գյանջա, Եվլախ քաղաքներից, սփյուռքում բնակվող ադրբեջանցիները 8% են եղել՝ Մոսկվա, Կիև ու Մինսկ քաղաքներից, եւ մեկ տոկոսն էլ եղել են Իսրայելում բնակվող լեռնային հրեաները։
Այս բոլորի շարքում Լապշինի համար տարօրինակ էր նաև երկու հայի առկայությունը, ովքեր համարում էին Լապշինին Ադրբեջանի վրա աշխատող լրտես և նույնպես նրա հետ հաշվեհարդար տեսնելու ցանկություն էին արտահայտել։
Ներկայացնենք Լապշինի կողմից արված «հետազոտությունը».
– 112-ից 100-ը սպառնացել են բռնի սեռական հարաբերություններ ունենալ իր հետ,
– 112-ից 80 վիրավորել են նրա մորը, իսկ 55-ը՝ հորը,
– 112-ից 43-ը զղջում էին, որ Հիտլերը ժամանակին բոլոր հրեաներին չի ոչնչացրել։ Ի դեպ, վերջին ցուցանիշը Լապշինին բավական մտահոգել էր, քանի որ ինչպես ինքն էր գրել՝ միշտ կարծում էր, որ ադրբեջանցիներն ու հրեաները ապրել են խաղաղության ու բարեկամության մեջ և հակասեմիտիզմ այդ հարաբերություններում չի եղել։
– Եվ ի վերջո՝ 112-ից 30-ը սպառնում էին բռնել ու կտոր-կտոր անել նրան։
Քրիստինա ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում