«Այսպես փորձում ենք պայքարել հասարակական անտարբերության դեմ»,-սոցցանցի իր էջում ուղիղ եթերում այսօր հայտարարեց ԵՊՀ լսարաններից մեկում հացադուլ հայտարարած Դավիթ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ հինգ ուսանողներ որոշել են այսպես պայքարել տարկետման իրավունքի վերացման դեմ:
«Յուրաքանչյուր անձ պետք է մտածի, որ մենք կարող ենք ազդել տեղի ունեցողի վրա»,-ասում է Դավիթ Պետրոսյանը: Նա նաեւ նշում է, որ իրենց հետ ունեն ջուր եւ անհրաժեշտ պարագաներ: Հացադուլավորները նաեւ մյուս համալսարանների ուսանողներին են հորդորում միանալ դասադուլին, իսկ իրենք կշարունակեն անժամկետ հացադուլը:
«Չփորձեք լսարանի դուռը կոտրել, իրավիճակը լարել եւ սադրանքների գնալ: Մեր նպատակն արդար է ու խաղաղ»,-հայտարարում է Դավիթ Պետրոսյանը:
Դասադուլ անող ուսանողներն էլ շարունակում են հավաքված մնալ ԵՊՀ բակում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ