Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ
– Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների դասադուլն արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակվում է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակը։
– Ազատ խոսքի, պայքարի իրավունքը հստակ ամրագրված է սահմանադրությամբ, օրենքներով։ Ուսանողների բողոքը դրանց շրջանակներում է, այնպես որ այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Բայց որեւէ մեկի իրավունքը չի ոտնահարվում, որպեսզի նա էլ դուրս գա իր իրավունքները պաշտպանելու: Այսօր խոսքը սահմանադրորեն ամրագրված հայրենիքի պաշտպանության մասին է, յուրաքանչյուրը պարտավոր է պաշտպանել իր երկիրը:
Եթե որեւէ մեկն ուզում է սովորել, ապա բանակում ծառայելը կրթություն ստանալու համար խոչընդոտ չէ: Առաջարկվող օրենքի նախագիծը տալիս է բոլոր հարցերի պատասխանը, ընդ որում՝ այն պահպանում է 24-ամսյա պարտադիր ծառայության նորմը, որը նորություն չէ: Ավելին՝ առաջարկում է այլընտրանքներ՝ «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերով:
Այս նախագծի նպատակն է պահպանել արդարության ու հավասարության սկզբունքը, փակել ծառայությունից խուսափելու հնարավոր սողանցքերը: Իսկ սողանցքերից մեկն էլ եղել է տարկետման ներկայիս իրավունքը: Եթե կան օժտված երիտասարդներ, որոնք կարող են իրենց հնարավորություններով, մտավոր ընդունակություններով օգտակար լինել մեր երկրին, ժողովրդին, ապա նրանց առաջարկվում է իրենց ունակություններն իրացնել բանակում՝ ռազմարդյուանբերական համալիրում, բանակի հետ առնչվող որեւէ գիտական ոլորտում:
Սակայն որեւէ մեկն իր օժտվածության համար չպետք է ծառայությունից խուսափելու հնարավորություն ունենա: Սա է, որ սողանցքեր է առաջացնում:
Ինչ վերաբերում է հնչող տեսակետներին, թե ուսանողների ակցիաները քաղաքականացվում են, ապա որեւէ գործընթաց, որը հանրային հնչեղություն է ձեռք բերում, ի վերջո վերածվում է քաղաքական գործընթացի։ Դա քաղաքագիտական նորմերին ներդաշնակ երեւույթ է: Եթե կան մի քանի հարյուր կամ հազար մարդիկ, որոնք ինչ-որ շարժում են սկսում, բնականաբար կհայտնվեն նաեւ դիվիդենտներ շահել ցանկացողներ, նրանց պայքարը քաղաքական ամբիցիաների պրիզմայով անցկացնելու ցանկություն ունեցողներ:
Ես չեմ էլ մեղադրում, որ որեւէ քաղաքական ուժ կամ ուժեր կփորձեն օգտվել այս վիճակից, ավելին՝ առաջնորդվելով անմեղության կանխավարկածով, կարող եմ մտածել, որ գուցե այդ ուժերն էլ մտածում են այնպես, ինչպես բողոքող ուսանողները: Մենք իրավունք չունենք մարդկանց քննադատել իրենց մտքերը, գաղափարներն արտահայտելու համար, բայց նաեւ մեր իրավունքն է մեր սեփական փաստարկներով ապացուցել, թե որն է առավել շահեկանը մեր հասարակության համար:
Ա. Սիմոնյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում