ԵՊՀ դիմաց այսօր կրկին հավաքված դասադուլավորները երթով փորձեցին այցելել հացադուլ հայտարարած իրենց ընկերներին:
Համալսարանի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շենքի լսարաններից մեկում գտնվող հացադուլավորների հետ զրուցել լրագրողներին դեռեւս չի հաջողվում, քանի որ դեպի լսարաններ տանող միջանցքի դուռը փակված է:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը նրանց տեղեկացրեց, որ 5 հացադուլավորները ԵՊՀ ուսանողներ են եւ հայտարարել են, որ հենց համալսարանի մեջ են ցանկանում կատարել իրենց ակցիան. «Նրանցից չորսը ծառայել են, եւ իրենց ակցիան ամենեւին նպատակ չունի բանակ չգնալու քարոզչություն իրականացնել»:
Մինչ դասախոսները փորձում էին զրուցել հացադուլավորների հետ, համալսարանի անվտանգության աշխատակիցը դուրս հրավիրեց լրագրողներին:
Ուսանողների ցույցը շարունակվում է ԵՊՀ բակում, որտեղ նրանց թիվն արդեն շատացել է: Դասադուլավորները վանկարկում են՝ «տարկետում-տարկետում»:
Վահան Կոստանյանը հայտարարեց, որ վերջին օրերին ԵՊՀ-ում դասերից բացակայել է 3000 ուսանող. «Հիմա ներսում հացադուլ են անում Դավիթը, Յուրին, Հարութը, Գեղամն ու Լեւոնը: Նրանց մեծ մասը ծառայել է սահմանում ու մի քանի օր սոված մնալուց չի վախենում: Մենք այստեղ շատ հավաքվելով՝ պետք է դադարեցնենք իրենց հացադուլը: Մեր թիվը պետք է ավելանա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ