ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ, այսօր հարուցվել է վարչական վարույթ՝ «Էմ Այ Բի Քոնսալթինգ» ( Դիլիջան ֆրոլովա ապրանքանիշ ) ընկերության հանդեպ:
Վարչական վարույթը հարուցվել է մրցակից ընկերության՝ «Դիլիջան հանքային ջրի գործարանի դիմում-բողոքի հիման վրա: Ըստ բողոքի բովանդակության, «Դիլիջան ֆրոլովան» նմանակում է «Դիլիջան» հանքային ջրի արտադրանքը, ինչը սպառողների շրջանում առաջացնում է մոլորություն և շփոթություն:
Ըստ բողոքող կողմի, խանութներում վաճառվում է ապակյա նույն տարաներով, նույն գունային համադրությունն ունեցող պիտակներով հանքային ջուր այն դեպքում, երբ իրենք դեռևս 2009 թվականին Մտավոր սեփականության գործակալությունում գրանցել են Դիլիջան ապրանքային նշանը: Ըստ բողոքի, մրցակից ընկերության նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:
«Դիլիջան» հանքային ջրի գործարանը ՀՀ Մրցակցային մարմնից խնդրում է վարչական վարույթի շրջանակներում լուծում տալ խնդրին և արգելել իրենց պատկանող ապրանքային նշանի օգտագործումն ու իրենց արտադրանքի նմանակումը:
Նշենք նաև, որ խնդրի մասին դիմող տնտեսվարողը բարձրաձայնել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ օրերս Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ: Մարզի մի շարք գործարարներ Ա. Շաբոյանի հետ հանդիպման ընթացքում բարձրացրեցին իրենց հուզող խնդիրները, իսկ ՏՄՊՊՀ նախագահը խոստացավ լինել հետևողական և Մրցակցային մարմնի տիրույթում գտնվող բոլոր հարցերին սեղմ ժամկետներում լուծում տալ:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով