Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները մեկը մյուսի հետեւից հայտարարություններ արեցին մանր ու միջին առեւտրականներին հարկային տեռորի ենթարկելու հետ կապված:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս կառավարության ապաշնորհ քաղաքականության արդյունքում վտանգ կա, որ մարդիկ կհամալրեն արտագաղթողների շարքերը:
Խմբակցության պատգամավորները պահանջում էին այդ հարցն ընդգրկել օրակարգ՝ ասելով, որ դա լրջագույն խնդիր է:
Հետո նույն խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց, որ դա ավելի կարեւոր խնդիր է, քան այսօրվա օրակարգում ընդգրկված ցանկացած հարց:
Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անջատեց նրա խոսափողը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները սկսեցին աղմկել ու բողոքել: Շարմազանովն առաջարկեց ԱԺ հայտարարությունների ժամին 30 հոգով հերթագրվեն, իրենց ասելիքն ասեն:
Վահե Էնֆիաջյանն ասաց, որ առեւտրականները 4 խմբակցությունների գրություն են փոխանցել, արդեն 7-րդ անգամ են այդ մարդիկ հավաքվում եւ հայտարարում են, որ իրենց նկատմամբ չարաշահումներ են լինում, խուզարկություն է իրականացվում՝ ստուգումների անվան տակ. «Ի՞նչ է նշանակում, որ տնտեսվարող սուբյեկտի մոտից առեւտուր արած պայուսակն են ստուգում, խուզարկություն է դա»:
Նրա խոսափողն անջատեցին, բայց Էնֆիաջյանն իր ասելիքն ավարտեց՝ ասելով, որ դիմում են հիմա ՊԵԿ նախագահին, վարչապետին, ՀՀԿ-ին, եթե դա էլ չի օգնում, դիմում են ՀՀԿ-ի անփոխարինելի առաջնորդին:
Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց. «Ցիտում եմ գործող վարչապետին՝ բա մենք ամենալիբերալ ազգն ենք, արա, ձեր մեջ որտեղի՞ց էդքան պոլիտբյուրո»: Նա առաջարկեց, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ հենց հիմա դուրս գան փողոց, շրջեն եւ տեսնեն, թե ինչպես են իրենց գոյությունը քարշ տվող քաղաքացու նկատմամբ կոշտ վարչարարություն իրականացնող հարկային տեսուչները ահաբեկում առեւտրականներին:
Իվետա Տոնոյանն էլ ասաց, որ եթե խնդիր են դրել հայաթափել Հայաստանը, արտագաղթի տեմպերը մեծացնել, ապա հրաշալի կերպով կառավարությունն այդ խնդիրը լուծում է: Նա առաջարկեց, որ հարկային մարմինները նախ սկսեն իրենց պատկանող ձեռնարկությունները ստուգել, այդպես ավելի ազնիվ կլիներ:
Արարատ Զուրաբյանն առաջարկեց արտահերթ խորհուրդ հրավիրել եւ այս հարցը մտցնել օրակարգ: Ըստ նրա, եթե մի քանի հազար մարդու բողոք կա, այդ խնդրից փախչել չի լինի. «Ինչի՞ համար ենք մենք այստեղ, կարո՞ղ է պիտի դակենք կառավարության բերած օրենքները ու գնանք տուն: Չգիտե՞նք որտեղ է փողերը, բոլորս էլ գիտենք, բայց սա մարդկանց ջեբկիրություն է, թարգեք»:
Շարմազանովն առաջարկեց, որ վաղը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին դիմեն, նա գալու է:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ իհարկե, իրենք մտահոգված են տեռորի մասին հայտարարություններով. «Դեմ ենք ցանկացած տեռորի՝ հարկային, ոչ հարկային»:
Փաշինյանն ասաց, որ իրենք միանշանակ կողմ են, որ գազի ոլորտում, բենզինի ոլորտում ուսումնասիրություններ անելու համար հանձնաժողովներ ստեղծվեն:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ հիշեցրեց, որ ինքն էլ է հանդիպել բողոքող առեւտրականների հետ եւ խոստացել, որ խնդիրը կքննարկվի, կփորձեն լուծումներ գտնել, բայց պետք չի ԱԺ-ում շոու սարքել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ