1953թ. ծնված Սարգիս Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Վազաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն եւ հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնական կեղծիք, այն է՝ 2008թ. հոկտեմբերի 31-ի թիվ 98 հրամանով որպես նախնական զինվորական պատրաստության եւ անվտանգ կենսագործունեության ուսուցիչ աշխատող իր որդու՝ Արամ Խաչատրյանի հետ չունենալով կնքված աշխատանքային պայմանագիր, հիշյալ փաստը իրավապահ մարմիններից թաքցնելու նպատակով 2016թ. նոյեմբերի 16-ից մինչեւ 2016թ. դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատանքային պայմանագիր եւ իրականությանը չհամապատասխանող կեղծ գրառումներ մտցրել՝ այն թվագրելով 2008թ. հոկտեմբերի 31-ին, համապատասխանեցնելով տրված հրամանի ամսաթվին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»):
Ս. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2017թ. նոյեմբերի 5-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը համարել է, որ Ս. Խաչատրյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայության մասին նախաքննական մարմնի հետեւությունը հիմնավոր չէ ,եւ այդ կապակցությամբ թույլ է տրվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, մինչդեռ Ս. Խաչատրյանին մեղսագրված գործողությունները հանցագործություն չեն համարվում, դրանք թեեւ ձեւականորեն պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հատկանիշներ, սակայն նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում:
Դատավորը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Սարգիս Խաչատրյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել:
Մինչ այդ, նոյեմբերի 2-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը որոշում է ընդունել լուծել Վազաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանի հետ 2012թ. նոյեմբերի 2-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Նոյեմբերի 3-ին մարզպետի մեկ այլ որոշմամբ, մինչեւ մրցույթով Վազաշենի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցվելը, Օլյա Դալլաքյանը նշանակվել է այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նրա հետ կնքել է աշխատանքային պայմանագիր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ