Դասադուլ անող ուսանողներն այսօր, ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ԵՊՀ ֆակուլտետներում իրազեկման ակցիա են իրականացնում առ այն, որ իրենց հինգ ընկերները հացադուլ են սկսել: Համալսարանում լրագրողների հետ զրույցում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ասաց, որ ուսումնական հաստատություն մտնելը եւ դասապրոցեսը խանգարելը ճիշտ չի համարում: Տարկետման իրավունքը բացառող օրենսդրական նախաձեռնությունն էլ, որի դեմ ընդվզում են ուսանողները, Մարտիրոսյանը համարում է անհրաժեշտ ու կարեւոր:
«Չունեմ հստակ տվյալներ, թե վերջին քսան տարում այդ իրավունքից օգտվածներն ինչ մեծ նվաճումներ են ունեցել գիտության ոլորտում, թե քանիսն են նրանցից արժանացել գոնե համապետական մրցանակների: Չունեմ տվյալներ նաեւ առ այն, թե «Եռաբլուրում» հանգչող տղաների մեջ արդյոք կայի՞ն այնպիսիք, որոնք կարող ենք մեծ գիտնական դառնալ, բայց սրբացրել են այս հողը եւ հասկացել, որ հայրենիքի անվտանգությունը վեր է ամեն ինչից: Չեմ կարող նաեւ ասել, թե ապրիլյան պատերազմի հերոսներից քանի՞սն էին ծնվել գիտության համար, բայց երկիրը պահեցին»,-նկատեց նա:
Ապա Մարտիրոսյանը շարունակեց. «Լավ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի եւ մյուսների նկարների կողքով անցնելիս գոռալ՝ «դասադուլ»…այսինքն՝ դուք ծնվել էիք հայրենիք պահելու, իսկ մենք՝ գիտությամբ զբաղվելու համար…համոզված եմ, որ գիտությամբ զբաղվելուն զինծառայությունը չի խոչընդոտում: Սա ասում եմ որպես ծառայած մարդ, որի տղան եւս այս հողի եւ հայրենիքի զինվորն է»:
Հավելենք, որ իրազեկման ակցիայի ավարտին ուսանողները հավաքվում են ԵՊՀ դիմաց՝ քննարկելու հետագա անելիքները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ