Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս արձագանքեցին ԵՊՀ դասախոսներն ուսանողների հացադուլին

Նոյեմբեր 14,2017 10:45

Դասադուլ անող ուսանողներն այսօր, ինչպես ավելի վաղ հայտնեցինք, փորձում են ԵՊՀ ֆակուլտետներում իրազեկել հինգ ուսանողների՝ հացադուլ սկսելու մասին եւ այդ կերպ ավելացնել դասադուլավորների թիվը: Արեւելագիտության ֆակուլտետի անվտանգության աշխատակիցն արգելեց ուսանողին բարձրախոսով մուտք գործել շենք, սակայն վերջինս փոքր ինչ հրելով՝ ներս մտավ: Լսարաններից մեկում ԵՊՀ դասախոսը զարմացավ, որ որոշ ուսանողներ հացադուլ են սկսել, նստած ուսանողներն էլ ոչինչ չձեռնարկեցին ու շարունակեցին դասապրոցեսը:

«Լավ ծանոթ չեմ, բայց չեմ գտնում, որ արժի այդքան բորբոքվել»,-լրագրողներին ասաց ԵՊՀ դասախոսը, ապա հասկացրեց, որ պետք չի դասապրոցեսը խանգարել:

Լսարաններից մեկում էլ, որտեղ դաս էր անցկացնում «Ելք» դաշինքի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը, ի տարբերություն մյուսների, ուսանողները վեր կացան եւ միացան դասադուլին:

Լրագրողների հետ զրույցում Հարությունյանը հացադուլի մասին այսպիսի կարծիք հայտնեց. «Դա ծայրահեղ քայլ է, բայց ակնկալելի: Դա իրենց իրավունքն է, ողջունում եմ, որ իրավունքների համար պայքարում են: Կփորձեմ այցելել նրանց ու հասկացնել, որ պայքարի այլ ձեւեր կան»: Նկատառմանը, որ այսպես դասապրոցեսն է խանգարվում, Արայիկ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Ուսանողի իրավունքն է դասի չմասնակցել»:

Ավագանու անդամի խոսքով՝ այս խնդրում Կրթության եւ գիտության նախարարը քիչ դերակատարում ունի, հիմնականը Վիգեն Սարգսյանն է. «Նրա պահվածքը շատ բացասական եմ գնահատում»:

ԵՊՀ դասախոս, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Կարծում եմ, որ առանց ֆակուլտետային բաժանումների էլ ուսանողները կարող են իրենց իրավունքները տարբեր կերպ բարձրաձայնել եւ պաշտպանել: Այն ուսանողները, որոնք ցանկանում են ներկա լինել դասապրոցեսին, չպետք է տուժեն, փոխադարձ հարգանք պետք է լինի, դասադուլավորները չպետք է խանգարեն դասի նստողներին, վերջիններս էլ՝ նրանց»:

Ռուբեն Մելքոնյանը նաեւ վստահեցրեց, որ դասադուլավոր-ուսանողների հանդեպ իրենց ֆակուլտետում սահմանափակումներ եւ բռնություններ չեն եղել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930