Այսօր ԱԺ նիստի մեկնարկին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարություններ արեցին, թե ինչքան վատ է աշխատում կառավարությունը, ինչքան վատ հարկահավաքություն է անում ՊԵԿ-ը:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նախ հայտարարեց, որ այսօր առավոտյան մի քանի հազար ստորագրություններով բոլոր խմբակցություններին են դիմել առեւտրականներ պահանջելով արձագանքել եւ լուծել այն խնդիրները, որ նկատում են մի քանի շաբաթվա ընթացքում: Նա ասաց, որ իրենք դիմել են ՊԵԿ նախագահին ու վարչապետին՝ հարկային կոշտ վարչարարության հետ կապված, որն անթույլատրելի է: Ըստ նրա, կյանքը ցույց է տալիս, որ պրակտիկան եւ օրենքները տարբեր բաներ են. «Տոնավաճառներում մարդկանց խուզարկում են, վաճառքների ժամանակ ասում են՝ բացեք ձեր տոպրակները, այն դեպքում, երբ առեւտրականները սոցիալական բնույթ կրող գործունեությամբ են զբաղված: Բանը հասել է նրան, որ վրաերթի են ենթարկում օպերատիվ հետախուզական ծառայության աշխատակիցները տարբեր մարդկանց եւ տեղի են ունեցել բախումներ»:
Նա ասաց, որ փողի տեղը իրենք ցույց են տալիս, թե որտեղից կարելի է հարկ հավաքել՝ գազամատակարարման եւ գազաբաշխման համակարգն է:
Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ այս պահին ուղղակի տեռորի են ենթարկում առեւտրականներին. «Մարդիկ ուզում եք մեկ կտոր հացից զրկվեն, այն , ինչ անում են պատկան մարմինները, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է՝ բացել մարդկանց պայուսակները, ստուգել, որեւէ կառույց դրա իրավունքը չունի: Բյուջե եք ուզում լցնե՞լ՝ տեղը ցույց ենք տալիս՝ գազի մոնոպոլիա, բենզինի մոնոպոլիա եւ այլ մոնոպոլիստներ: Գնացեք այդտեղ: Կառավարությունը, որ տապալել է իր ողջ գործունեությունը, պիտի ճիշտ տեղն իմանա, թե որտեղ գնա: Գազի հիման վրա Մոնումենտում ստեղծած դղյակները, այնտեղ գնացեք, այնտեղ տեսեք կոռուպցիա, չարաշահումներ, ոչ թե մի կտոր հացով իրենց ընտանիքը պահող փոքր ձեռներեցների պայուսակները մտեք»:
Նա ասաց, որ գազի վրա իրենց դղյակները սարքածները, որ նստած են Մոնումենտում, ճիշտ կանեն նման հարկային տեռոր սահմանելուց առաջ մտածեն դրա հետեւանքների մասին:
Հետո իրար հետեւից Իվետա Տոնոյանը, Գեւորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, «Ծառուկյան» խմբակցության այլ պատգամավորներ պահանջեցին այս հարցը դարձնել քննարկման առարկա, մտցնել օրակարգ:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ խորհրդում քննարկել են օրակարգի հարցերը եւ օրակարգն արդեն հաստատված է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ