Այսօր 6-րդ օրն է, ինչ ՊՆ ներկայացրած՝ տարկետումը բացառող օրենսդրական նախաձեռնության դեմ ուսանողները դժգոհություն են հայտնում դասադուլի միջոցով:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչները ԵՊՀ դիմաց հավաքված ուսանողներին քիչ առաջ տեղեկացրին, որ որոշ դասադուլավորներ առավոտից հացադուլ են սկսել ԵՊՀ լսարաններից մեկում: «Սա կատարվում է այն պատճառով, որ անտարբերությունն ուսանողների շրջանում մեծ է: Բոլորս մեղավոր ենք, որ հասել ենք նրան, որ մեր հինգ ընկերները դիմել են ծայրահեղ քայլի: Մեր շարքերը ժամերի ընթացքում պետք է մի քանի տասնյակ անգամ շատանան»,-ասվեց հայտարարության մեջ:
Ապա ուսանողները փորձեցին դասադուլի հրավիրել այն ուսանողներին, որոնք դեռ չեն միացել նախաձեռնությանը: Առաջնահերթ, սոցիալական ցանցում գրեցին հացադուլի մասին, ապա գնացին լսարաններ:
Այժմ նրանք ԵՊՀ ֆակուլտետներում փորձում են իրազեկման երթ անցկացնել:
Մանրամասն՝ առաջիկայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ