Թուրքիան հերքում է վտարանդի թուրք հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի առևանգման մասին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հետ պայմանավորվածության մասին տեղեկությունը։
Ամերիկյան Wall Street Journal պարբերականն ուրբաթ օրը հրապարակել է մի հոդված, ուր տեղեկացնում է, որ հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերն այս պահին հետաքննում է Գյուլենի առևանգման մասին տեղեկությունը: Ըստ հրապարակման՝ Ֆլինին ու նրա որդուն խոստացվել է 15 միլիոն դոլար՝ Գյուլենին Թուրքիային հանձնելու դեպքում: Հիշեցնենք, որ վտարանդի թուրք հոգևոր գործիչը բնակվում է ԱՄՆ-ում 1999 թվականից:
Անկարան պնդում է, որ Գյուլենը կազմակերպել է 2016 թվականի հեղաշրջումն ընդդեմ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի, որի ժամանակ զոհվել է 240 մարդ: Գյուլենը հերքում է իր որևէ ներգրավվածությունը հեղաշրջմանը:
Շաբաթ օրը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը տարածել է հայտարարություն, ուր մեղադրանքները, որ Անկարան կարող է դիմել անօրինական գործողությունների Գյուլենին վերադարձնելու համար, կոչել է «ամբողջովին կեղծ, ծիծաղելի և անհիմն»:
Հայտարարության մեջ դեսպանությունը նշել է, որ թուրքական կողմը շարունակում է աշխատանք տանել ամերիկյան պետական հաստատությունների հետ՝ Գյուլենի արտահանձնմանը հասնելու համար: Այն ևս մեկ անգամ հնչեցրել է Գյուլենին ուղղված մեղադրանքները հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: