Երեւի շռայլություն է Վանո Սիրադեղյանի նման մարդ ունենալը Հայաստանի Հանրապետության համար, դրա համար հիմա նա այստեղ չէ: «Ա1+»-ի հետ զրույցում ասում է նրա մտերիմ ընկերներից հայտնի լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանը, որի հետ մտերմությունը սկսվել է դեռ ուսանողական տարիներից:
«Ես գրեթե չգիտեմ մարդ, որը ճանաչի Վանոյին ու բացասական վերաբերմունք ունենա. երեւի խիստ անձնական մի բան եղած պետք է լինի, սակայն նրան ճանաչող, իսկապես անկողմնակալ, առաքինի, մեծահոգություն ունեցող մարդիկ բացասական կարծիք ունենան իր մասին, դա ողջամտությունից դուրս է»:
Նոյեմբերի 13-ին ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ, գրող Վանո Սիրադեղյանը դարձավ 71 տարեկան: Նրա անունը նաեւ կապվում է քրեական մի շարք հանցագործությունների կազմակերպման եւ իրագործման հետ, որի համար նա ներկայումս միջազգային հետախուզման մեջ է. «Ես համոզված եմ, որ նա որեւէ մեղք չունի, նրա խղճի վրա արյան մեղք չկա: Ես խոսել եմ նրա հետ այդ թեմաներով ու կարծում, որ նրան մեղսագրվող որեւէ արարքի հեղինակը ինքը չէ: Ինքը կապ չունի այդ ամեն ինչի հետ: Իշխանություններին ձեռնտու էր այդ ամենը իր վրա բարդել, եւ ինքը շատ դիպուկ ներկայացրեց՝ ես չեմ ուզում լինել քավության նոխազ»:
Ըստ նրա՝ Վանո Սիրադեղյանի նկատմամբ այս տարիներին եղած բացասական վերաբերմունքը իշխանության մաս կազմող կոնկրետ անձանց երկարատեւ ջանքերի, քարոզչության հետեւանք է. «Վանոյի հանդեպ թշնամանքը ինչից է գալիս՝ մանրախնդիր լինելուց, իրենցից ավելի հզոր քաղաքական գործչի ու անհատի ներկայությունը չհանդուրժելու հետեւանքով: Մարդ, որ առաջնորդվում էր՝ ես ումից եմ պակաս թերարժեքությամբ տառապողի սինդրոմով՝ խոսքը Քոչարյան Ռոբերտի մասին է: Այդ մոտիվացիան, եթե հաշվի առնենք, ամեն ինչ պարզ կլինի»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: