«Նարեկացի» արվեստի միությունում նոյեմբերի 13-ին կայացավ երիտասարդ նկարչուհի Մարիամ Հարությունյանի նկարների ցուցահանդեսը: Այն խորագիր չուներ, իսկ պատճառը, նկարչուհու խոսքով, շարունակական փնտրտուքներն են: «Դեռ չեմ գտել իմ հոգեհարազատ ոճը»,-մեկնաբանում է Մարիամը: Նրա խոսքով երազանք կար, որը հասունացավ ու դարձավ տեսանելի արդյունք:
Ներկայացված էին թվով 20 գեղանկարչական աշխատանքներ՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, բնապատկերներ: «Ամեն նկար ունի իր պատմությունը: Ինչ-որ մի ժամանակահատված տարվում եմ ինչ-որ մեկով՝ օրինակ` Կոմիտասով կամ Շառլով և հենց այդ ընթացքն էլ արտահայտվում է իմ ստեղծագործությունների մեջ»,-պատմեց նկարչուհին: Մարիամի հետագա նպատակներից մեկը Եվրոպայում հայկական համայնքների հետ համագործակցելն է:
«Նկարում եմ նաև սրբապատկերներ և ցանկանում եմ, որ ցուցադրվեն այլ ցուցասրահներում ևս»,-նշեց նկարչուհին:
Նկարչուհու աջակիցն ու ուսուցիչը՝ Արմեն Ղազարյանը դժվարացավ անաչառորեն գնահատական տալ աշակերտուհու աշխատանքներին. «Չեմ կարող ասել հավանեցի, թե՝ ոչ, այլ կարող եմ ասել, թե ինչքան բան ունի անելու: Ամեն նկարում տեխնիկական մի լուծում է տրված և կարծում եմ հենց դա էլ նկարչին դարձնում է հարուստ: Նկարչի գերխնդիրն է տեսնելը: Այն, ինչ սովորական մարդ փողոցում քայլելիս չի տեսնում, նկարիչը տեսնում է և մատուցում: Մարիամը աշխատելու դեռ շատ բան ունի, բայց կարող եմ ասել, որ մեծ քայլերով է առաջ գնում, մի տարի առաջվա Մարիամը այսպես չէր մտածում և այսպես չէր նկարում»,- նշեց ուսուցիչը:
«Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնի հիմնադիր նախագահ և երիտասարդ ստեղծագործողների միության նախագահ Էրիկ Բարսեղյանը նկարչուհու հետ ծանոթացել է «Արտ ֆեստ»-ի շրջանակներում:
«Մարիամը այն հայտատուներից էր, որ, անկասկած, պիտի անցներ ցուցադրության, որովհետև բավականին հետաքրքիր, մտածող արվեստագետի ձեռագիր ունի: Եվ փաստորեն չէինք սխալվել: Նախընտրական փուլն անցնելով ՝ Մարիամը հասավ մինչև իսկ մրցանակակիրների հարթակ՝ Կոմիտասի նկարով: Նրա նկարներում գծի, գույնի և մտքի համադրություն կա»,- իր գնահատականը տվեց նախագահը:
Նա հատկապես կարևորեց այն փաստը, որ ստեղծագործությունների հեղինակը երիտասարդ նկարչուհի է : «Ինչու եմ հատկապես կարևորում սա, քանի որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու և, եթե այս տարիքում նա կարողանում է այսօրինակ ստեղծագործություններ վրձնել, ակնհայտ է, որ տարեցտարի նա ավելի կկատարելագործվի: Ինչպես ժամանակին մի մեծ մտածող է ասել ՝ դուք ուշադրություն դարձրեք շնորհալիներին, որովհետև միջակություններն իրենք իրենց ճանապարհը հարթում են»,- իր խոսքում նշեց Էրիկ Բարսեղյանը:
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ