Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում ամիսներ առաջ ծառի տակ հայտնաբերված նորածնի ծնողներին մինչ օրս իրավապահները չեն գտել: Այս մասին Aravot.am-ին ասաց Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը:
«Քննությունը շարունակվում է, բայց փոքրիկ Մարիամիկի ծնողներից ոչ մի տվյալ դեռ չկա»,- ասաց գյուղապետը:
Դեռ մեկ ամիս առաջ հիվանդանոցից երեխային հանձնել էին մանկատուն: Այդ օրվանից, փոքրիկին գյուղապետը դեռ չի տեսել, բայց պատրաստվում է առաջիկա օրերին այցելել:
Հիշեցնենք, որ դեռ հիվանդանոցում բժիշկները երեխայի մոտ հայտնաբերել են սրտի արատ, մակերիկամների կիստաներ: «Մանկան տանը» գտնվող փոքրիկ Մարիամիկի մայրը, եթե առաջիկա երկու ամիսներին էլ չհայտնվի, փոքրիկին կհամարեն որդեգրման ենթակա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ