Նոյեմբերի 8-12-ը Վիեննայում տեղի ունեցան հայկական երաժշտության օրեր: Նոյեմբերի 8-10-ը Ավստրիայում Հայաստանի և Ռուսաստանի դեսպանությունների համատեղ ջանքերով արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ «Classical Young Stars» համերգաշարը` հայ, ռուս և ավստրիացի պատանի երաժիշտների մասնակցությամբ:
Համերգաշարը բացվեց նոյեմբերի 8-ին Վիեննայում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնում, ապա նոյեմբերի 9-ին, Ավստրիայում ՌԴ դեսպանության հանդիսությունների սրահում` ավստրիացի քաղաքական գործիչների, դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ներկայությամբ: Համերգին ողջույնի խոսքով հանդես եկած Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հաջողություն մաղթեց հայ, ռուս և ավստրիացի տաղանդաշատ պատանիներին և իր երախտագիտությունը հայտնեց ռուսական կողմին՝ ի դեմս Ավստրիայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկիի՝ տվյալ նախագիծն իրականացնելու հարցում ցուցաբերած համագործակցության և այս երաժշտական երեկոն հյուրընկալելու համար:
Նոյեմբերի 10-ին երեխաների գալա-համերգը տեղի ունեցավ Վիեննայի Հաբսբուրգների թագավորական պալատի Հոֆբուրգի մատուռում, որին մասնակցեցին մեծ թվով քաղաքական և հասարակական գործիչներ, դիվանագետներ, հայ և ռուս համայնքների ներկայացուցիչներ:
Համերգների ընթացքում տաղանդաշատ երեխաները կատարեցին հայ, ռուս և եվրոպացի կոպմոզիտորների, հայկական և ռուսական ժողովրդական ու հոգևոր երաժշտություն:
Այնուհետև, նոյեմբերի 12-ին Վիեննայի «Musikverein» հանրահռչակ դահլիճում տեղի ունեցավ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի համերգը: Հայ Առաքելական եկեղեցու Ավստրիայի համայնքի և Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպած երաժշտական այս միջոցառմանը մասնակցեցին մեծ թվով հայ և օտարերկրյա հանդիսատեսներ՝ Ավստրիայի քաղաքական ու հասարակական շրջանակի ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Համերգին հնչեցին Կոմիտասի, Է․ Միրզոյանի, Բորոդինի, Մենդելսոնի ստեղծագործությունները:
ՀՀ ԱԳՆ