Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզի սննդից աղիքային հիվանդությամբ վարակվածներից երկուսը դեռ հիվանդանոցում են

Նոյեմբեր 13,2017 18:33

Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզի սաների շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունները, ըստ համայնքի ղեկավարի, սննդից են եղել, բայց՝ ոչ մանկապարտեզի:

Հիշեցնենք, որ մանկապարտեզում նոյեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկում, որի ընթացքում հիվանդացել է 8 երեխա, նրանցից 5-ը հոսպիտալացվել է Ալավերդու բժշկական կենտրոն, 3-ը բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում:

Ճոճկանի ղեկավար Արկադի Թամազյանն Aravot.am-ին ասաց, որ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն արդեն կատարել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները ու պարզել, որ հիվանդության բռնկման պատճառը սննդային թունավորումն է եղել. «Հիվանդության անվանումը՝ ռոտա վիրուս: Այն արձանագրվել է մի խմբի երեխաների մոտ, մեր մանկապարտեզում երկու խումբ է գործում: Մանկապարտեզի սննդից անհավանական է վարակը, որովհետեւ նույն սնունդը երկու խմբի երեխաներն էլ կերել են: Հնարավոր է՝ երեխան վարակված է եղել, բերել խումբ, վարակել ուրիշներին: Այս պարագայում բացառված է մանկապարտեզի սննդից վարակը, արդեն մանկապարտեզի սննդից անհրաժեշտ նմուշները վերցվել են, հետազոտվել»:

Նշենք, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդների, կոնտակտավոր երեխաների և մանկապարտեզի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է շիգելլա (մանրէային դիզենտերիայի հարուցիչ) և ռոտավիրուս:

Մանկապարտեզից վերցված սննդամթերքի լաբորատոր հետազոտության արդյունքում պանրի և մակարոնով փլավի նմուշներում կրկին հայտնաբերվել է ռոտավիրուս:

Համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների արդյունքներով Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզի սաների շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման հավանական պատճառը մանկապարտեզում սննդամթերքի երկրորդային աղտոտումն է, որի համար աղբյուր են հանդիսացել մանկապարտեզի այն աշխատակիցները, ում մոտ լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել է շիգելլոզ և ռոտավիրուսային վարակ:

Մեր հարցին՝ տեղյա՞կ չէիք, թե՞ ստում էիք, որ մանկապարտեզի սննդից է եղել, գյուղապետը պատասխանեց. « Ասացի, որ հնարավոր է՝ մանկապարտեզի աշխատակիցների միջոցով է վարակը բռնկվել, բայց ոչ սննդից, այսինքն, սնունդը պատճառը չի եղել»:

Վերջում էլ հավելեց. «Ինձ ռոտավիրուսն ասել են, բայց չեն ասել կոնկրետ որտեղից է անցել»:

Գյուղապետն ասաց, որ հոսպիտալացված հինգ երեխաներից երկուսն են հիվանդանոցում մնացել, մյուսներն արդեն ապաքինվել են, բայց մանկապարտեզը դեռ փակ է, ծնողներին հորդորել են, երեխաներին դեռ չբերել, մինչեւ ամբողջական քննություն կատարվի՝ ինչն ինչոց է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930