ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Քրիստոֆ Անդրե-Ֆրասսային:
Ողջունելով սենատորի այցը Հայաստան՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին, որոնց հիմքում ընկած են երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյան կապերը:
Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջեւ առկա միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով բարեկամական խմբերի նշանակալի ավանդն այդ գործում:
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին, աշխարհում խաղաղության ամրապնդմանն առնչվող հարցերին եւ ֆրանկոֆոն երկրների ջանքերն այս հարցերում միավորելուն:
Քրիստոֆ Անդրե-Ֆրասսան իր խոսքում նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը եւ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները սերտորեն եւ դինամիկ համագործակցում են:
Սենատորի գնահատմամբ՝ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի եւ այսօր էլ գտնվում է բարձր մակարդակի վրա:
Քրիստոֆ Անդրե-Ֆրասսան անդրադարձել է գալիք տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Հայաստանում անցկացվելիք գագաթաժողովին՝ կարեւորելով այդ իրադարձությունը թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի համար:
Ֆրանսիացի սենատորն հատկապես ընդգծել է ֆրանկոֆոն երկրների ղեկավարների հանդիպումների կարեւորությունը, որոնք պետք է ընթանան բուն գագաթաժողովին զուգահեռ:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը եւ Քրիստոֆ Անդրե-Ֆրասսան քննարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացմանը վերաբերող կազմակերպչական հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն