Հայաստանում որսագողությունը ծաղկում է, որովհետեւ օրենսդրական բացթողումներ կան: Այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Թռչնասերների կենտրոն» հ/կ նախագահ Սիլվա Ադամյանը: Նրա համոզմամբ, այն մարդիկ, որոնք որսագողությամբ են զբաղվում պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, այլ ոչ թե տուգանվեն 250 հազար դրամով:
Սիլվա Ադամյանի համոզմամբ, որսագողությունը բիզնես է: Նրա ներկայացմամբ, հիմնականում որսագողերի թիրախ են դառնում՝ սպիտակագլուխ անգղերը, բազեները լուսանները եւ այն թռչունները, որոնք Կարմիր գրքում են գրանցված. «Որսագողերը կենդանիներին բռնում են հատուկ ցանցերի միջոցով եւ վաճառում, հատկապես Մեղրու շրջանում մի քանի տարի առաջ որսագողերը թիթեռներ էին վաճառել, որն էլ կարող է հանգեցնել բնապահպանական աղետի»:
Լրագրողների հարցին, թե բնապահպանության նախարարության հետ ինչ քայլեր են ձեռնարկում որսագողության դեմ, «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը պատասխանեց, որ կենդանիներին վերաբերող քննարկումները նվազել են.
«Արտակարգ մինչգերատեսչական նիստ հրավիրելով կարելի է որսագողության հարցին լուծում տալ: Օրենսդրական դաշտը, որ վերաբերում է կենդանիներին, բացարձակ դատարկ է, իսկ եղածն էլ խանգարում է»:
Կենդանիների իրավունքների պաշտպան Կարինե Փանոսյանը նշեց, որ բնապահպանական կրթությունը Հայաստանում պետք է ընդլայնել, քանի որ մեր երկիրը փոքր է եւ յուրաքանչյուր կենդանու ոչնչացումը հանգեցնում է բնամիջավայրի ավերմանը. «Մենք չեն կարող զարգացնել երկրի տնտեսությունը, զբոսաշրջությունը, եթե շարունակենք որսագողությամբ զբաղվելը: Հասարակության գիտակցության մեջ պետք է ամրապնդել, որ չի կարելի ոչնչացնել կենդանիներին: Հատկապես պետք է զբաղվել երեխաների բնապահպանական դաստիարակությամբ»
Գրետա ՄԱՐԳԱՐՅԱՆ