Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահեստանոցում ծեծել են Հայկազին, ննջարանում կտրել են նրա երակները». Վկա (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2017 17:01

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հերթական դատական նիստը` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ Բարսեղյանի մարմինը կախված էին գտել ուսումնական հաստատությունում՝ 2015 թ.-ին: Նրա սպանության մեջ մեղադրվում են համակուրսեցիները՝ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը եւ Վաչե Սահակյանը, որոնք, ըստ մեղադրանքի, զորամասի ննջարանում սպանել են Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով նրա մարմինը կախել մարզահրապարակի պտտաձողից:

Այսօրվա նիստում ռազմական ինստիտուտի ծառայող Արմեն Վարդանյանի ցուցմունքից հետո հրապարակվեց նաեւ նրա նախաքննական ցուցմունքը, որում նա ամբաստանյալներին այսպես է նկարագրել. «Գնելը հրամանատարի տեղակալի տղան է, նա լկստված էր եւ ցինիկ, իրեն բարձր էր դասում մյուս կուրսանտներից: Չորսն էլ գերիշխող դիրք ունեին, գլխավորն էլ Վաչեն էր: Հայկազ Բարսեղյանը մարդամոտ էր եւ ընկերասեր, լավ էր սովորում: Վաչեենց հետ նա քիչ էր շփվում, աշխատում էր հեռու մնալ, ինչպես եւ մնացածը: Այդ չորսը մեր մարտկոցի հարց լուծողներն էին»:

Վկայի նախաքննական ցուցմունքում ասված է, որ դեպքի օրը՝ հունվարի 28-ի առավոտյան, ճաշարանում վիճաբանություն է եղել. Հայկազ Բարսեղյանը փնթի ուտելու համար նկատողություն է արել ծառայակիցներից մեկին, ինչից հետո մոտեցել են Վաչեն ու Մովսեսը, հաշտեցրել վիճաբանածներին ու ասել՝ «երեկոյան կխոսենք»:

Հաջորդ օրվա առավոտ էլ, ինչպես նշել է վկան, ծառայակիցները տեսել են, որ Հայկազի մահճակալի մեջ արյուն է, իսկ նա չկա: Հետո վկան ծառայակիցներից լսել է, որ կուրսանտը ոչ թե կախվել է, այլ Վաչեն, Գնելը, Մովսեսը եւ Նորիկը սպանել են նրան ու մարմինը կախել մարզահրապարակի պտտաձողից:

«Լսել եմ, որ պահեստանոցում ծեծել են Հայկազին, ննջարանում կտրել են նրա երակները, հետո տարել կախել»,-գրված է նախաքննական ցուցմունքում:

Վկա Արմեն Վարդանյանն իր նախաքննական ցուցմունքը լսելուց հետո հաստատեց դրա իսկությունը, ապա ասաց, որ երկար ժամանակ է անցել, դրա համար նշյալ դեպքերը չի մանրամասնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930