Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող (Գուրգեն Սարգսյանի դասարան), շեփորահար Դանիել Մելքոնյանը Բուլղարիայում նոյեմբերի 7-10-ը կայացած Շեփորահարների 9-րդ միջազգային մրցույթից վերադարձել է առաջին մրցանակով:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց առաջին տեղը գրաված երաժիշտը, մրցույթը բաղկացած էր երկու փուլից, առաջին փուլին շուրջ 10 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել, իսկ երկրորդին` 4-5:
Դանիել Մելքոնյանը հայտնեց, որ մրցույթի երկու փուլերին կատարել է Հայդնի, Ռախմանինովի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
«Հաղթանակի մասին առաջինը մայրս իմացավ, քանի որ ինձ հետ էր, այսինքն՝ նախ հարազատներս տեղեկացան, ապա կոնսերվատորիայում»,-նշեց Դանիելը:
Նրանից տեղեկացանք, որ սա երրորդ միջազգային մրցույթն է, որին մասնակցում է հայ շեփորահարը: Դրանից առաջ 2016 թ. Դուբայում շեփորահարների միջազգային մրցույթին է մասնակցել:
Հիշեցնենք, որ 2014-ին էլ Դանիել Մելքոնյանն արժանացել էր «Բրոնզե Շչելկունչիկ» մրցանակի` մասնակցելով Մոսկվայում կայացած պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Կոմպոզիտորների միության ֆեյսբուքյան էջից: