Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հերթական դատական նիստը` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ Բարսեղյանի մարմինը կախված էին գտել ուսումնական հաստատությունում՝ 2015 թ.-ին: Նրա սպանության մեջ մեղադրվում են համակուրսեցիները՝ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը եւ Վաչե Սահակյանը, որոնք, ըստ մեղադրանքի, զորամասի ննջարանում սպանել են Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով նրա մարմինը կախել մարզահրապարակի պտտաձողից: Մյուս ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանն էլ մեղադրվում է մեկ այլ կուրսանտի ծեծելու մեջ:
Այսօրվա նիստից առաջ ամբաստանյալներից Մովսես Ազարյանի պահանջով շտապօգնություն է կանչվել, սակայն նիստին նրա մասնակցությանը խոչընդոտող հանգամանքներ չեղան: Ազարյանը դատարանին հայտնեց, որ ներկայումս ինքնազգացողությունը նորմալ է:
Այնուհետեւ որպես վկա հարցաքննվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սան Արմեն Վարդանյանը: Նա դատարանին հայտնեց, որ բոլոր ամբաստանյալներին էլ ճանաչում է, նաեւ՝ սպանված Հայկազ Բարսեղյանին, եւ նրանց հետ ծառայողական հարաբերությունների մեջ է եղել:
Նա պատմեց, որ դեպքի օրը եղել է ծառայության մեջ, իսկ սպանվածին եւ ամբաստանյալներին տեսել է ճաշարան մտնելուց. «Առավոտյան վերկացի ժամանակ էր՝ արյունոտ տեղաշորը տեսա, աղմուկ-աղաղակ էր…հետո գնացել եմ շտաբ, հետո՝ իմացել, որ մարդ է կախված: Դիակը տեսել եմ կախված…»:
Վկա Արմեն Վարդանյանը լավ չհիշեց՝ Մովսես Ազարյանը եւ Նորիկ Սահակյանը գիշերը ննջարանո՞ւմ են եղել, թե ոչ: Բանն այն է, որ վկան, Ազարյանը եւ Սահակյանն այլ սաների հետ նույն ննջարանում են գիշերել:
Վարդանյանը նաեւ նշեց, որ առավոտյան Հայկազին փնտրելու հրահանգ չի ստացել, այլ ըստ սահմանված կարգի՝ անցել է ծառայության. «Ասեցին՝ կախվել է, հետո ասեցին, որ սպանվել է…չորս հոգու անուն էին տալիս (նկատի ունի ամբաստանյալներին)»:
Պաշտպանական կողմը խնդրեց բնութագրել ամբաստանյալներին: Վկան այսպես սկսեց. «Գնելը նորմալ շփվող տղա է, իմ հետ էլ ընկերություն էր անում: Հարց է եղել, իրեն դիմել եմ, օգնել է ծառայության հետ կապված: Նորիկի հետ էլ նորմալ հարաբերություններ եմ ունեցել: Եղել է, որ իրար հետ ֆիզպատրաստությամբ ենք զբաղվել: Ազարյանի հետ էլ ծառայողական հարաբերություններ եմ ունեցել, Վաչեի հետ՝ նույնպես»:
Վկան չհիշեց՝ ամբաստանյալներն այլ կուրսանտների հետ երբեւէ վիճաբանե՞լ են, բռնություն գործադրե՞լ են, թե ոչ:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ