Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վաստակավոր նկարիչ. «Եթե կինը չեղավ, էլ ի՞նչ ստեղծագործել»

Նոյեմբեր 13,2017 16:18

Լույս է տեսել ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի «Հուշապատում» վերնագրով պատկերագիրքը։ Այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության մասնակի ֆինանսավորմամբ։ Գիրքը կազմել է Նարա Եփրեմյանը։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վաստակավոր նկարիչը, «Հուշապատումը» իր ստեղծագործությունների առաջին ընդգրկուն պատկերագիրքն է՝ նվիրված 1949 թ.-ին բռնադատված (1991թ.-ին արդարացված) հոր՝ Սմբատ Աբրահամյանի և 6 երեխաներին միայնակ մեծացրած մոր՝ Սիրանույշ Աբրահամյանի հիշատակին։

«Հուշապատում անվանումը սիմվոլիկ է, այն խորհրդանշում է իմ անցած ճանապարհը` սկսած Թերլեմեզյանի անվան ուսումնարանից մինչեւ գեղարվեստաթատերական ինստիտուտ եւ մեր օրերը»,-ասաց նկարիչը: Ապա հավելեց, որ իր ստեղծագործությունները բազմաժանր են, թեմաները` բազմազան։

Ինչ վերաբերում է այս պատկերագրքին, ներկայացված են Վլադիմիր Աբրահամյանի ներկապնակի ամենավառ գույները, ընդգրկված են նրա յուրօրինակ ստեղծագործության լավագույն կտավները։

«Քանի որ վերջին անգամ անհատական ցուցահանդես պետք է ունենամ, որոշեցի հաշվետվությամբ ներկայանալ, ինչի արտահայտությունն էլ «Հուշապատում» պատկերագիրքն է…Իհարկե, դա չի նշանակում, թե ձանձրանում եմ ստեղծագործել, ես չեմ դադարելու նկարել»,-նշեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ 76-ամյա նկարիչն այսօր էլ ստեղծագործում է և իր հարուստ փորձն է փոխանցում երիտասարդներին։

Aravot.am-ի դիտարկմանը, որ նրա ստեղծագործություններում մեծ տեղ ունի կինը, գեղանկարիչը պատասխանեց. «Եթե կինը չեղավ, էլ ինչ ստեղծագործել, կինը մեր մուսան է…Ես սիրում եմ կնոջը, գեղեցկությունը…Բոլոր կանայք գեղեցիկ են, որովհետեւ իրենք կին են»:

Նոյեմբերի 20-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ցուցահանդեսը: Նա 1975 թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2005 թ.-ին պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով, 2009 թ.-ին՝ Երևանի քաղաքապետի, 2011 թ.-ին ՀՀ մշակույթի նախարարի պատվոգրերով։ 2013 -ին արժանացել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչման։

 1972 թ.-ից Վլադիմիր Աբրահամյանը մասնակցում է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։ 2005 թ.-ին Չինաստանի Նանչան քաղաքում բացվել է առաջին, իսկ 2011 թ-ին` Երևանում՝ երկրորդ անհատական ցուցահանդեսը։ Վլադիմիր Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան): Վլադիմիր Աբրահամյանը նաեւ շուրջ 250 գրքի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Նարա Եփրեմյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930