Շուրջ տասը տարի է ԳՁՕ-ների` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների, կենսաանվտանգության մասին օրենքի նախագիծը կառավարությունից գնում է Ազգային ժողով, այնտեղից էլ հետ` կառավարություն: Վերջին անգամ, լրամշակված եւ բնապահպանների կարծիքով, վերջնական տեսքի բերված նախագիծը, երբ կրկին ԱԺ-ում քննարկման է դրվել, միակ դեմ պատգամավորը Վարդան Այվազյանն է եղել: Մինչդեռ «Տապան» էկո-ակումբ հ/կ նախագահ Հրանտ Սարգսյանը գտնում է, որ նախագծի մի կետը Այվազյանի սրտով չի եղել, որտեղ նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունում արգելված է գենետիկորեն ձեւափոխված նյութերի ազդեցությունը:
«Օրենքում նաեւ գրված է, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությունը թույլատրվում է միայն գիտահետազոտական նպատակներով, փակ եւ խիստ հսկվող տարածքներում»,-ասաց պարոն Սարգսյանը:
Այսօր «Հենարան» ակումբում Հրանտ Սարգսյանն ասաց, որ Ազգային ժողովում 4 տարի «քնելուց» հետո, օրենքի նախագիծը կրկին ուղարկվել է կառավարություն:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանի ներկայացմամբ, գենետիկորեն ձեւափոխված սնունդը մի շարք հիվանդությունների պատճառ կարող է դառնալ` ընդհուպ քաղցկեղի պատճառ. «Ուզում են ցրտադիմացկուն լոլիկ ստանալ, տեսնում են ինչն է ցրտի պայմաններում ապրում, ձուկը սառը ջրում ապրում է, վերցնում են ցրտադիմացկուն ձկան գենը տեղափոխում լոլիկի մեջ եւ ստանում ցրտադիմացկուն լոլիկ: Մարդիկ չեն իմանում այդ մասին, ասենք` մեկը ձկից ալերգիա ունի, լոլիկն ուտում է եւ նրա մոտ ալերգիա է լինում: Այդ պատճառով գենետիկորեն ձեւափոխված սննդից ալերգիաներ շատ են լինում: Հենց դրա պատճառով է, որ ալերգիաներն այդքան շատացել են»:
Ըստ տիկին Դանիելյանի, եթե այդ սնունդն օգտագործում է հղի կինը, այդ նյութերը պտղին էլ են անցնում:
«Հայկական բուսաբանական ընկերություն» հ/կ փոխնախագահ Գոհար Օգանեզովայի համոզմամբ, եթե ԳՁՕ-ների օգտագործումը թույլատրվի, շրջակա միջավայրին եւ մեր պետական անվտանգությանը լրջագույն վնասներ կպատճառվի: Նրա խոսքով կենսաբանական վտանգները ոչ պակաս վտանգ կարող են ներկայացնել. «ԳՁՕ-ների պատճառով մենք կորցնում ենք մեր սորտերը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ