Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոսմետիկ միջոցներ ներկրողների 90%-ի մոտ խախտումներ են հայտնաբերել

Նոյեմբեր 13,2017 15:10

Այս տարվա փետրվարին կոսմետիկ միջոցների շուկայում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կոսմետիկ միջոցներ ներկրող մեծ ընկերությունների 90%-ը սերտիֆիկատ չի ունեցել: Այս մասին այսօր «Արմենպրես» ակումբում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լեւոն Խալիկյանը: Ըստ նրա, տեսչությունն արգելել է սերտիֆիկատ չունեցող ապրանքների վաճառքը:

Խալիկյանի ներկայացմամբ՝ այս տարի նշված շուկան ուսումնասիրել են, քանի որ նախորդ տարի քաղաքացիներից բողոքներ են ստացել, որ որոշ կոսմետիկ միջոցներ օգտագործումից հետո ալերգիկ ռեակցիա եւ մաշկային ցան է առաջացել, ուստի տեսչությունը որոշել է ստուգումներ իրականացնել, եւ հատկապես խոշոր ներմուծողների շրջանում, եւ արդյունքում ընդամենը մեկ ընկերության մոտ տեսչությունը որեւէ տեսակի խախտում չի հայտնաբերել:

Խալիկյանի խոսքերով՝ 2017 թվականից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ կանոնակարգը , եւ այս նոր կանոնակարգի մասին բոլոր տնտեսվարողները տեղեկացվել են:

Խալիկյանը հորդորում է՝ ոչ պարենային ապրանք գնելիս, անպայման սերտիֆիկատ պահանջեք, եթե այն ունի սերտիֆիկատ, ուրեմն անվտանգ է, քանի որ սերտիֆիկատ տալիս են Հայաստանում գործող համապատասխան լաբորատորիաները:

Ըստ Խալիկյանի՝ ուսումնասիրել են նաեւ խաղալիքների շուկան, որտեղ եւս խախտումներ են հայտնաբերել: Օրինակ՝ խաղալիք ներկրողների 70%-ը սերտիֆիկատ չի ունեցել: Խալիկյանի խոսքերով՝ խաղալիքների ոլորտը հատկապես ռիսկային է Ամանորից եւ ուսումնական տարվա մեկնարկից՝ սեպտեմբերի մեկից առաջ.«Սպառողին խորհուրդ ենք տալիս ապրանքը գնելիս սերտիֆիկատ պահանջել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930