Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից չեմպիոն Գյումրիից․ անգամ հարսանիքներում չեմպիոնների կենացն են խմում (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2017 14:54

Երեկ Գյումրին նոր չեմպիոն ունեցավ․ Սոչիում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը 8:0 հաշվով պարտության մատնեց Ղրղզստանը ներկայացնող Երգիշև Մուհամետալիին՝ հռչակվելով աշխարհի չեմպիոն։

Գյումրիում չեմպիոններ տալը որքան էլ սովորական երևույթ դարձած լինի, այնուամենայնիվ այս քաղաքում յուրաքանչյուր մարզիկի հաղթանակը յուրատեսակ ձևով են տոնում։ Երեկ Գրիգոր Մխիթարյանի չեմպիոն դառնալուց րոպեներ անց, ականատես եղանք, թե ինչպես հարսանիքներից մեկի ժամանակ հարսանիքավորները, ոտքի կանգնելով, բաժակ բարձրացնելով, խմեցին չեմպիոնի կենացը։

Գյումրեցի օգտատերերի ուրախությունն էլ չափ ու սահման չկա, օգտատերերից մեկը՝ Արսեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Չեմպիոոոոոոոոոոոոոոոոոոն․Գյումրիում բարի լույսը բարի է բացվել։ Քունս չէր տանի։ Ելա ըսեմ, օր սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոն եղավ մեր տղեն՝ Գրիգոր Մխիթարյանը»։ Մեկ այլ օգտատեր էլ արձագանքում է․«Գոգ ջան, հալալ եղնի, ես չէի էլ կասկածե օր կջարդես սաղին….. »։

Շիրակի մարզպետարանի սպորտ բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, որը մարզաշխարհի ներկայացուցիչների հետ շտապում էր Երևան՝ «Զվարթնոց» օդանավակայան չեմպիոնին դիմավորելու, մեզ հետ զրույցում ասաց․«Հայաստանն ունի երկու չեմպիոն, մեկը մարտական սամբոյից, մյուսը՝ մարզական։ Մարզական սամբոյից չեմպիոն դարձավ Տիգրան Կիրակոսյանը Վանաձորից, մարտական սամբոյից մեր Գրիգոր Մխիթարյանը։ Մենք սպասում էինք նման արդյունքի, նախ Գրիգորը մարտական սամբոյի բազում հաջողություններ է ունեցել երիտասարդականի աշխարհի, Եվրոպայի չեմպիոն է եղել, մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն է եղել անցած տարի, այս տարի Եվրոպայի երկրորդ մրցանակակիր էր։ Լավ եղավ, որ Գրիգորը հաստատեց իր բարձր կարգը։ Շատ լավ հաղթեց՝ 8:0 հաշվով, հետաքրքիր հնարքով, ժամանակից շուտ, նայեցի ու էնքան հպարտ էի, որ նման տղա ունեմ»։

Ի դեպ, Գրիգոր Մխիթարյանը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի քեռու որդին է։ Գյումրեցի Մաքսիմ Մանուկյանն էլ այդ նույն առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել։ Վաչիկ Վարդանյանն ասում է, որ մարզիկի բախտը մի տեսակ չի բերում, նա երկու տարի շարունակ աշխարհի բրոնզե մեդալակիր է դառնում, ըստ մեր զրուցակցի, միգուցե ինչ-որ բան պակասում է, որի մասին ավելի ստույգ կարող են ասել մարզիչները։

Վաչիկ Վարդանյանն ասաց, որ այս տարի մնաց ընդամենը մեկ մրցում․ նոյեմբերի վերջին մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունն է Լեհաստանում, որին մասնակցելու է Խաչատուր Պապիկյանը։

Վաչիկ Վարդանյանն այս տարին բնութագրում է որպես արգասաբեր, մեդալաբեր տարի Գյումրու համար, նշում է, որ 47 մեդալներ ունենք։

«Այս տարվա ամենահեղինակավոր մրցումները եղել են աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնություն և ուսանողական համաշխարհային խաղեր՝ Ունիվերսադա։ Այս երեք կարևոր մրցումներին մերոնցից շուրջ 67 մարզիկ են մասնակցել, 47 մեդալ ենք նվաճել։ Շատ արդյունավետ մարզական տարի էր մեզ համար, ունեցանք աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը, Գրիգոր Մխիթարյանը, խոսքը մեծահասակների մասին է, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, 30 տարի Գյումրիում նման բան չէր եղել։ Գյումրու բռնցքամարտի վերջին չեմպիոնը եղել էր Մեխակը Ղազարյանը՝ 1987 թվականին (խոսքը Գյումրու քաղաքապետարանի սպորտ բաժնի պետի մասին է Ա․Ն․), Եվրոպայի չեմպիոնի մասին է խոսքը։ Մեծահասակներից մյուս բարձր արդյունք ապահովածը Գոռ Մինասյանն է՝ Եվրոպայի փոխչեմիպիոն, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն և Ունիվերսադայի չեմպիոն, երեք տիտղոս նվաճեց։ Գիտեք, որ աշխարհի առաջնությանը չթողեցին Հայաստանին մասնակցելու, եթե աշխարհ գնար, հաստատ մրցանակակիր կլիներ։ Երիտասարդները շատ լավ մասնակցեցին այս տարի․ Սահակյան Գրիգորը դարձավ սամբոյի աշխարհի, Եվրոպայի չեմպիոն։ Մի խոսքով շատ արդյունավետ, արգասաբեր, մեդալաբեր, մրցանակաբեր տարի եղավ»,- հպարտանում է Վաչիկ Վարդանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930