Մատաղ սերնդի էկոլոգիական գիտելիքների զարգացման, էկոլոգիական գիտակցության և վարքագծի ձևավորման, ինչպես նաև տեսական գիտելիքները գործնականի հետ զուգորդելու նպատակով և ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության Տեղեկատվության և Էկոկրթության բաժինը նախաձեռնել է <<Պատանի բնասեր>> ակումբի ստեղծումը։ Գործընթացի շրջանակներում ս.թ-ի նոյեմբերի 6-ին և 9-ին ակումբի անդամ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի և «Ուսում» հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների մոտ 150 աշակերտների համար անցկացվել է բաց դաս բնապահպանական ուղղվածություն ունեցող թեմաներով: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և էկոկրթության բաժնի պետ Անահիտ Մուրադյանը, ով կարևորել է նման միջոցառումների անհրաժեշտությունը կրթական տարբեր մակարդակներում մատաղ սերնդի հետագա դաստիարակության և զարգացման գործում:
Դասը վարել են Օզոնի ազգային կենտրոնի և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի համապատասխան մասնագետները, որի ընթացքում ներկայացվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են օզոնային շերտի հիմնախնդիրը և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու եղանակները, ջրային ռեսուրսները և դրանց արդյունավետ պահպանությունը, կլիմայական փոփոխությունները և դրանց վրա ազդող գործոնները, կենսաբազմազանության պահպանության խնդիրները՝ մասնավորապես կենդանական և բուսական աշխարհի, ինչպես նաև կարմիր գրքում գրանցված հազվագյուտ բույսերի և կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն։ Ունկնդիրներին տեղեկացվել է, որ միջոցառման շրջանակներում իրենց լավագույնս դրսևորած աշակերտները հնարավորություն կունենան հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հետ, ով բարձր է գնահատում մատաղ սերունդների կրթման գործում նմանատիպ միջոցառումների կարևորությունը և մշտապես ուշադրության կենտրոնում է պահում էկոլոգիական կրթության և դաստիարակության հարցերը: Բնապահպանական ուղղվածության այսպիսի միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:
ՀՀ բնապահպանության նախարարություն